Այսօր` մայիսի 26-ին պետական, ոչ կառավարական ու միջազգային կառույցներին ներկայացվեց Իրավապահ մարմինների համար թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ձեռնարկը: Այն պատրաստվել է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:

Ձեռնարկը կներկայացվի իրավապահների վերապատրաստման հաստատություններ` նրանց ուսումնական ծրագրերում ներառելու համար: Այն կօգտագործվի դատախազներին, ոստիկաններին, աշխատանքային տեսուչներին ու սահմանապահներին վերապատրաստելու համար:

Ձեռնարկի ստեղծմանն աջակցած կառույցների մասնագետները հույս են հայտնել, որ ձեռնարկը կնպաստի շահագործման ու թրաֆիքինգի վտանգին ենթակա բազմաթիվ աշխատանքային միգրանտների պաշտպանությանն ու արժանապատիվ աշխատանքի ապահովմանը:

«Մենք կարեւորում ենք հայ իրավապահների առավել համակարգված ու շարունակական վերապատրաստումը` վերջերս վերանայված հակաթրաֆիքինգային օրենսդրության արդյունավետ կիրարկման համար»,-ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան:

Նշենք, որ ձեռնարկում քննարկվում են թրաֆիքինգի քրեաիրավական բնութագիրը, միջազգային ու ազգային կարգավորումը, դրա կանխարգելումը, տուժողի բնութագիրը, նրա պաշտպանության վերաբերյալ հարցեր: «Այսինքն, իրականացվել է համալիր մոտեցում եւ արդյունքում առաջարկվում են թրաֆիքինգի դեմ պայքարի որոշակի միջոցներ»,-ընդգծել է ձեռնարկի գիտական խմբագիր Արա Երեմյանը: