Աշխարհի մեծ մասը պատրաստ չէ ջրհեղեղների, փոթորիկների եւ երաշտների, որոնք, ինչպես սպասվում է, կխորանան կլիմայի փոփոխության հետեւանքով, եւ շտապ կարիք կա բարելավված նախազգուշացման համակարգերի` ջրի հետ կապված աղետները կանխելու համար:

Ջրային ռեսուրսների համաշխարհային կառավարումը «մասնատված է եւ ոչ համարժեք»,- ասվում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության զեկույցում, ընդ որում՝ զեկույցում ընդգրկված 101 երկրների գրեթե 60%-ը կարիք ունի կանխատեսման բարելավված համակարգերի, որոնք կարող են կանխել եղանակային վատ պայմանների հետեւանքով առաջացած ավերածությունները:

Սպասվում է, որ բնակչության աճի հետ մեկտեղ ջրի սահմանափակ հասանելիություն ունեցող մարդկանց թիվը մինչեւ 2050 թվականը կհասնի մինչեւ 5 միլիարդի՝ 2018 թվականի 3,6 միլիարդի համեմատ:

Զեկույցում առաջարկվող միջոցառումների շարքում են եղել ջրհեղեղի եւ երաշտի ենթակա տարածքների համար նախազգուշացման համակարգերի բարելավումը, որոնք կարող են որոշել, օրինակ, երբ է գետի բարձրացում սպասվում:

«Մենք պետք է գիտակցենք ջրային մոտալուտ ճգնաժամը»,- ասել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:

Զեկույցում նշվում է, որ 2000 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ջրհեղեղների հետեւանքով տարերային աղետների թիվն աճել է 134%-ով՝ նախորդ երկու տասնամյակների հետ համեմատած: Ջրհեղեղների հետեւանքով մահերի եւ տնտեսական կորուստների մեծ մասը գրանցվել է Ասիայում, որտեղ անցյալ տարի հորդառատ անձրեւները զանգվածային ջրհեղեղներ են առաջացրել Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Նեպալում եւ Պակիստանում:

Երաշտի հետ կապված տարերային աղետների հաճախականությունը նույն ժամանակահատվածում աճել է 29%-ով: Աֆրիկյան երկրներում երաշտի հետ կապված ամենաշատ մահն է գրանցվել: Զեկույցում ասվում է, որ երաշտից ամենամեծ տնտեսական կորուստները գրանցվել են Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում եւ Կարիբյան ավազանում:

Ամբողջ աշխարհում բոլոր քաղաքների 25%-ն արդեն պարբերաբար ջրի պակաս է զգում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մոլորակի մակերեսային եւ ստորերկրյա ջրերի ընդհանուր պաշարները, ինչպես նաեւ հողի, ձյան եւ սառույցի մեջ պարունակվող ջրերը տարեկան 1 սմ-ով նվազել են: