Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հայտնելով դիտողություններ ու առաջարկություններ:
«Նկատի ունենալով մեր կողմից Նախագծի քննարկման սուղ ժամկետները` ուսումնասիրվել են աշխատողների իրավունքների պաշտպանության առումով միայն որոշ հիմնահարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են դիտողություններ ու առաջարկություններ: Նախագծում ներկայացվող փոփոխությունները, ըստ էության, նպատակաուղղված են գործատուների շահերի պաշտպանությանը, վերջիններիս գործունեության դյուրացմանը` արդյունքում անհամաչափորեն սահմանափակելով աշխատողների իրավունքները: Ելնելով ուսումնասիրված հարցերի շուրջ ներկայացված մեր դիտողությունների բնույթից, կարծում ենք, որ Նախագծի այլ հոդվածների վերաբերյալ նույնպես կարող են լինել էական դիտողություններ, ուստի գտնում ենք, որ նպատակահարմար է հնարավորինս հետաձգել երկրորդ ընթերցմամբ նախագծի քննարկումը»,- ասվում է նամակում:



























