NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
Օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
Կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց ու գրեց.
«Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Զանգել եմ ասել, որ հպարտանում եմ ձեզնով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջեւ: Գիտեմ, որ շատ դժվար է, բայց ուզում եմ ասեմ, որ էն ծառայությունը, որ դուք ձեր հայրենիքին մատուցում եք, պատմական ծառայություն է»,- ասում էր նա:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն պարբերաբար բնակչությանը կոչ էր անում եւ պահանջում չզանգարահարել առաջնագիծ, ինչը հակառակորդին ՊԲ զինծառայողներին թիրախավորելու հնարավորություն է տալիս։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ զոհվեց Արցախի ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը: Նա առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր։
Առավոտյան Արցախի ՊԲ-ն տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված:
«Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը», –հայտնում էր ՊԲ-ն:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց.
«Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլիմատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»։
Թեման զարգացրեց Արծրուն Հովհաննիսյանը.
«Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձև է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք»։
Վահրամ Պողոսյանը հերթական գրառման մեջ դիմում էր երգահաններին.
«Մոսին հրացանի մասին երգ երգելով ու սմերչով թուրքի անհայտ հերնանիծող հայ զինվորին ոգևորող նոր երգեր ու բանաստեղծություններ են պետք։ Մեր կոմպոզիտորներին, գրողներին խնդրում եմ գործի անցնել»։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հերթական տեսանյութը հրապարակեց առաջնագծիցեւ գրեց.
«Ճշտգրիտխոցումներով ոչնչացվում են հակառակորդի հենակետերն ու մարտական տեխնիկան»։
ՊՆ-ն տեսանյութ հրապարակեց, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես են վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված երիտասարդները վարչապետի կոչին արձագանքելով կամավոր ներկայանում կենտրոնական հավաքակայան։
Նրանց շարքում էրնաեւ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Նա ասում էր.
«Ինձ էստեղ բերել է մեր բոլորի երջանիկ ու խաղաղ ապրելու իրավունքը եւ այն փաստը, որ այդ իրավունքն այսօր ոտնահարվում է։ Ինձ այստեղ բերել է մեր երջանիկ կյանքի համար պայքարը»։
Արցախի Պաշտպանության բանակը եւս մեկ տեսանյութ հրապարակեց, որտեղ երեւում էր«ՊԲ հրետանավորների հերթական փայլուն գործողությունը»։
Տեսանյութումերեւում է, թե ինչպես են ադրբեջանզի զինվորները խուճապահար փախչում մարտի դաշտից, եւ լսվում է հայ զինվորների խոսքը. «Նայի, նայի, տես ոնց են խուճապահար փախչում»։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց.
«Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր»։
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի կորուստները պատերազմի 11 օրերին.
«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ:Հակառակորդն ունի ավելի քան 4069 սպանված։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհված»։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Այսինքն՝ հայկական կողմն օրական ունեցել է միջինը 100 զոհված։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց.
«Հայկական կողմը պատրաստ է կրակի ժամանակավոր դադարեցմանը հումանիտար խնդիրների իրականացման համար։ Դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, թե մեր դիրքերի մոտ քանի ադրբեջանցի զինծառայողների դիակ է կուտակվել։ Ընդ որում, նաեւ իսլամի օրենքներով այդ դիերը չպետք է չթաղված մնան։Բայց նրանք չեն համաձայնում եւ չեն պատրաստվում հանել իրենց զինվորականներին դիերը։ Սպանված ադրբեջանցի զինվորականների դիերը փտում են եւ ճակատում հակասանիտարական վիճակ ստեղծում»,- շեշտեց Քոչարյանը։
(Մինչեւ օրս հայկական կողմը որոնում ու գտնում է ՊԲ զոհված զինծառայողների աճյունները՝ NEWS.am):
Ա.Քոչարյանընաեւ հայտնեց, որ «այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Արցախը պետք է ճանաչվի՝ անվտանգության ավելի բարձր աստիճանի ապահովմամբ։ Այդ դռները մեր առաջ կբացի մեր հաղթանակը»,- շեշտեց խորհրդարանականը։
Ըստ նրա՝ իշխող «Իմ քայլը» դաշինքը շատ ավելի մեծ ավանդ է ունեցել հաղթանակին հասնելու գործում, քան աշխատավարձերի ու պարգեւավճարների զուտ փոխանցումներն են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ ստեղծված իրավիճակում հարցի նման դրվածքը նա տեղին չհամարեց։
Հիշեցնենք, որ իրենց աշխատավարձն ու պարգեւավճարը հիմնադրամին էին փոխանցել ԲՀԿ պատգամավորները։ Իսկ թե ինչ նկատի ուներ «ավելի մեծ ավանդ» ասելով, Ա.Քոչարյանը չի պարզաբանել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքումգրեց դավաճանության դեպքերի մասին.
«Սիրելի հայրենակիցներ. Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի», գրել էր Փաշինյանը:
Նշենք, որ մինչեւ հիմա նրա հաղորդած դեպքերի գործով դատավարություն չի եղել, իսկ «քաղաքական ուղղորդման վարկածի» մասին նրա հիշատակումը, ինչի շուրջ քննությունը հետո պետք է լիներ, հանրության զայրույթն ուղղում էր նրա քաղաքական ընդդիմախոսների վրա։
Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 30 զոհված զինծառայողի անուն հրապարակեց։
Փաշինյանի միջնորդությամբ ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։Մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվեց Միքայել Համբարձումյանը։
Տեսանյութով կոչ տարածեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը.
«Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ։ Ի վերջո, մենք ի տարբերություն թշնամու, չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում։ Մենք ունենք Սփյուռք։
Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողիեւ 10 մլն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը։
Ես ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից, հարցնում են, թե ինչով կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա. նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն իր նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։
Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկը ամուր թիկունքն է, եւ ես վստահ եմ, որ դուք այն ամեն րոպե ավելի եք ամրացնելու։ Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում։
Դե ինչ, ամենքս դեպի մեր խրամատը, ի գործ»։
Նկատենք, որ Ա.Հովհաննիսյանը, որը որոշակի պաշտոն չուներ ՊՆ-ում, շեշտում էր, որ «անձամբ է երաշխավորում, որ ցանկացած նվիրատվություն իր նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ»։
Հիշեցնենք, որ իրային օգնությունից բացի, Սփյուռքը նվիրաբերեց 175 մլն դոլար, որից 100 նիլիոնը փոխանցվեց պետբյուջե։
Հայկական միասնական տեղեկատվական հարթակըհայտնեց, որ Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։
Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին գրեց. «Եկեղեցի ռմբակոծողների հետ ի՞նչ խոսես»։
Առաջինը Սուրբ Աստվածածին եկեղեցու ռմբահարման մասին միջազգային հանրությանն ահազանգեց ՀՀ ՄԻՊ-ը, ավելի ուշ՝ ԱԳՆ-ն, Արցախի նախագահն էլ խոստացավ վերանորոգել։ Հայկական եկեղեցին այժմ մզկիթի է վերածվում, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ջանքերով, հայտնի բանաձեւում այն վերանվանվել է Ղազանչի։
Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը տեղեկացրեց, որ թշամու դեմ մղվող պատերազմում որդին նահատակվել է։
«Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում եւ հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:Օրեր շարունակ նրանից որեւէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված:Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններումԱլբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ եւ ում մեծագույն սերը Հայրենիքն էր:Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաեւ ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց եւանմահացավ...
Փա՛ռք մեր հերոսներին»,- գրեց Արտակ Հովհաննիսյանը։
Լուսանկարը հրապարակվել էր սեպտեմբերի 29-ին եւ մեծ տարածում գտել սոցիալական ցանցերում՝ ասոցացվելով պայքարի եւ հաղթանակի հետ։ Մեր տեղեկություններով, Ալբերտը զոհվել էր հենց նույն օրը, սակայն այդ մասին ծնողներին տեղեկացրել են 9-10 օր անց։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց.
«Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա»։
Այսօր հայտնի է, որ այսպիսի շատ հաղորդագրություններ իրականության հետ աղերս չունեին։
ԱՀ պաշտպանության բանակը շարունակեց հրապարակել հայ զինվորների սխրագործությունները եւ նրանց ներկայացրել շքանշանների։
««Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, որը մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար:(Այդ օրերին Միհրանը զոհվեց՝ NEWS.am)։
Մայոր Հովհաննես Այվազյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 3 տանկ խոցելու համար:
Փոխգնդապետ Արման Կոստանյանը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, ետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու, պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը, ինչի համար էլ ներկայացվել է «Մարտական խաչի» ասպետության 1-ին աստիճանի:
Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաեւ փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին»,- հայտնում է ՊԲ-ն։
«Ռազմինֆոյի» համակարգող Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգեց երկրում դավաճաններիփնտրտուքում ընդդիմադիրներին թիրախավորելու ծանր հետեւանքների մասին.
«Երբ Գերմանիան պարտվեց առաջին աշխարհամարտում, իշխանություններն անմիջապես սկսեցին «դավաճաններ» փնտրել։ Դավաճան էին հռչակվում լրագրողները, սոցիալ-դեմոկրատները, հրեաները և այլն։
Այսինքն պատերազմի ժամանակ, երբ պետք է մաքսիմալ համախմբում, մաքսիմալ մոբիլիզացիա, ցուցադրաբար դավաճան փնտրելը՝ եթե հստակ չես հասցեագրում ու չես ապացուցում մեղադրանքը, պարտության նշան է։
Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունը ամեն ինչով բանակի և Արցախի կողքն է՝ կամավորներից մինչև տեղեկատվական դաշտ ու միջազգային ասպարեզում մեր պետության շահերը պաշտպանելը։
Փոխարենը Հայաստանի իշխանությունները՝ անձամբ Նիկոլիցմինչև իր անձնական օգտագործման զանազան «անդոններ», կեղտոտ ակնարկներ են անում ընդդիմադիրների հասցեին, փորձում նորից ներքին թշնամու կերպար կերտել ու ատելություն սերմանել։
Հիմա չեմ հասկանում. արդյոք Նիկոլին թվում է, որ մենք պարտվո՞ւմ ենք, եթե անցել է այսպիսի քայլերի։ Թե հերթական անհավասարակշիռ հիմարությունն է։
Այսինքն ժողովուրդը՝ դիմադիր թե ընդդիմադիր, համախմբվել է, ինքնակազմակերպվում է, կռիվ է տալիս, իսկ իշխանությունները փորձում են այդ համախմբմանը խանգարել, այս օրհասական պահին ժողովրդին պառակտում են։
Հիմա ո՞վ է դավաճանը։
Հ.Գ. Ի դեպ, ԱԱԾ-ի պետին ինչո՞ւ այսօր հանեցիք։ Ի՞նչ եք թաքցնում ժողովրդից»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրեց
«Ամենավատ միտքը, որ հիմա կարար ծագեր, ընդդիմության վրա հանրության նեգատիվը ուղղելն է։ Մի արեք, պատերազմ է երկրում, մի կրկնեք նորից նույն սխալը սեւ-սպիտակ մտցնելով։ Նախ, մարդիկ տեսնում են այս օրերին ով ոնց պահեց իրեն, երկրորդը՝ դա, մեկ է, չի փրկելու այն հարցերից, որոնք տրվելու են պատերազմից հետո ու այդ հարցերը հանրություննէ տալու»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան հարթակում գրեց.
«Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ»։
Մամուլի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է բերվել մեծ քանակությամբ զենք:
ԱՀ պաշտպանության բանակը հայտնեց, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում.
«Հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջեւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում», նշում էր ՊԲ-ն։
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին.
Ըստ նրա՝ Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում:
«Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:
Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում», գրել էր Լ.Տեր-Պետրոսյանը:
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարեց, որ անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկաններիեւ ահաբեկիչների ներթափանցման փորձերը։
Նա նշել էր, որ 25 տարի շարունակ այս երկրների հետ համատեղ ջանքերով մեխանիզմներ են ստեղծվել, որոնք «Անկախ պետությունների համագործակցության տարածքում պաշտպանում են քաղաքացիների իրավունքները», եւ չի կարելի թույլ տալ այս մեանիզմների ոչնչացումը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն դեռ դժվար է գնահատել այս տեղափոխման մասշտաբները:
«Հիմա ինձ դժվար է դատել զինյալների` ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների եւ կազմակերպման մասին: Ըստ ամենայնի, այն կա, այնտեղ զինյալներ, վարձկաններ են հայտնվում», ասում էր Զասը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին Թուրքիայի միջամտությունն ապակառուցողական կլիներ, սակայն ՀԱՊԿ-ն զգուշություն է նախընտրում, որպեսզի չվնասի հակամարտության կարգավորմանը:
«Կարծում եմ, որ դրան չի հասնի: Այդ գործընթացին ցանկացած երրորդ երկրի միջամտություն ապակառուցողական է…ՀԱՊԿ-ն զգուշություն է ցուցաբերում, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին: Կարծում ենք, որ բոլոր երկրները, այդ թվում Թուրքիան, պետք է նման դիրքորոշում ցուցաբերեն»,-ասել է նա:
ՀԱՊԿ կարծիքով՝ Ադրբեջանը Հայաստանին չի հարվածի․ Բաքուն Երեւանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
«Ես վստահ եմ, որ իրադարձությունների նման զարգացում չի լինի։ Առաջին՝ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանություններն ընդգծել են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։ Եվ չեն ոտնձգում նրա ինքնիշխանության դեմ։ Երկրորդ՝ այնտեղ իրենց ժողովրդի հանդեպ բավարար ողջամտություն եւ պատասխանատվություն կա»,- ասել էրԶասը։
Նկատենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խիստ զգուշավոր էր արտահայտվում Թուրքիայի մասնակցության մասին, բացի այդ, երբ նա կարծիք էր հայտնում, թե Ադրբեջանը չի հարվածի Հայաստանի տարածքին, Ադրբեջանն արդեն իսկ անում էր դա, իսկ ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու համոզմունքը, պարզվեց, հիմքեր չուներ։
Ի դեպ, Զասն ասել էր նաեւ, որ ՀԱՊԿ կանոնադրությունը միջամտություն է նախատեսում հակամարտությանը ՀԱՊԿ երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության համար իրական սպառնալիքի դեպքում.
«Այդ պայմանները հստակ շարադրված են մեր կարգավորիչ փաստաթղթերում: Գոյություն ունի երկու շեմ. առաջինն այն է, երբ իրական սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ-ի մեր անդամ ցանկացած պետության անվտանգության, կայունության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար: Այդ ժամանակ այն իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործարկվում է միջպետական խորհրդատվությունների մեխանիզմ, այդ թվում` արտակարգ, եւ դրա խնդրանքով անհրաժեշտ օգնություն կամ աջակցություն է ցուցաբերվում այդ պետությանը»,- ասել էրԶասը:
Նրա խոսքով` երկրորդ նման դեպքն ագրեսիան է, ռազմական հարձակումը.
«Այդ պարագայում դա դիտվում է որպես ագրեսիա մեր բոլոր պետությունների դեմ, եւ այդ պարագայում եւս մեր երկրի խնդրանքով ագրեսիայի օբյեկտին անմիջապես ամեն տեսակի օգնություն է տրամադրվում, այդ թվում` ռազմական»,- պարզաբանել էրՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Առանց մեկնաբանության։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացվել է բողոքի ցույց տեղի հայ համայնքի մասնակցությամբ։ Պորտուգահայերը համախմբվել էին՝ բարձրաձայնելու Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին և գրավելու տեղական մամուլի ուշադրությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ եւ տեղեկացրել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:Կողմերն, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ:Կանցլերի գրասենյակի տարածած հաղորդագրությամբ, Կուրցն առաջարկել է Վիեննայում հակամարտող կողմերի բանակցություններ կազմակերպել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան քննարկում է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ. մեր կողմից առաջարկվել է մոսկովյան պլատֆորմը` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարներիեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար: Մենք խորհրդակցություններ ենք վարում կողմերի հետ` այս ձեւաչափով բանակցություններ սկսելու հնարավորության վերաբերյալ»,- ասել էր նա:
Գերմանական «Շպիգել» շաբաթաթերթի հետ զրույցում, հարցին՝ «Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ, անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախից տարածքներ հանձնելու համաձայնագիրը ստորագրել է ինքը՝ Փաշինյանը։
«Շպիգելի» լրագրողը, որն ավելի տեղեկացված էր ճակատում տիրող դրությանը, քան հայ հանրությունը, հարցնում է.
«Ադրբեջանական բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին: Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևը գրեթե ամեն օր հայտարարում է բնակավայրեր վերցնելու մասին: Ինչո՞ւ ուղղակի այդ գյուղերը չեք թողնում նրանց: Այդ տարածքն անմարդաբնակ է, կոպիտ ասած՝ չի պատկանում Լեռնային Ղարաբաղին, այլ անվտանգության գոտում է, որը տարիներ առաջ ձևավորել են հայերը վիճելի տարածքի շուրջ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը.
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար վաղ է այդպիսի հայտարարություններ անել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, և այդ գործողությունների արդյունքում է, որ մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում»:
ԱԱԾ հաղորդագրություն է տարածել Ն.Փաշինյանի առավոտվա հայտարարության վերաբերյալ, թե ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին:
ԱԱԾ-ն նշում էր, թե փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում եւ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ եւ ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում եւ իրենց առջեւ դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է», նշված էր հայտարարությունում:
Ն. Մ.-ն ձերբակալվել է, սկսվել է նրա հանցակիցների փնտրտուքը: Քաղաքական ուղղորդումների մասին հաղորդագրությունում խոսք չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղադրեց մի նյութ՝ «Ո՞վ է Ստեփանակերտում զինվորներին նահանջի դրդել, թե «Նիկոլը հողերը ծախել է» վերնագրով և գեներալ Վիտալի Բալասանյանի նկարով, որտեղ գրել էր. «Ըստ Ստեփանակերտում տարածված լուրերի` առաջնագծի հատվածներից մեկում զինվորներին համոզողներ, թե նահանջեք «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», եղել է Վիտալի Բալասանյանի թիմակիցներից»։
Վիտալի Բալասանյանը NEWS.am-ին պարզաբանել էր.
«Երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Արցախում կան հող ծախողներ, դավադիր պատերազմ հրահրողներ ու հետո որևէ փաստ, որևէ ապացույց չբերեց, հենց այսօրվա համա՞ր էր հող նախապատրաստում։ Մենք մեր տղերքի արյան գնով, մեր ճերմակած մազերով՝ թուրքին սատկացնում ենք, կին-տղամարդ զինվոր են հիմա Արցախում, ջարդում ենք մեր օջախը մտած թուրքին, ու իրանց օֆիսներում նստած մարդիկ դավաճաննե՞ր են ման գալիս։Բարոյակա՞ն է, որ ես հիմա իմ երկիրը փրկելու, իմ հողից տարիներ շարունակ թշնամու մոտ գտնվող հատվածները հետ բերելու փոխարեն գնամ դիրքեր ու սկսեմ հարցուփորձ անել, թե այդ դավաճանն ով է։ Հասկանո՞ւմ են, թե ինչ են հիմա քարոզում։
Պատերազմին հատկապես Արցախում մարդիկ տվել են ու շարունակում են տալ ինչ կարող են՝ կյանքը, առողջությունը, բարեկեցությունը, ապագան, ամեն ինչ փաթեթավորում են ճամպրուկի մեջ ու նետում պատերազմի դաշտ։ Հերոս մարդիկ են, հերոս տղերք, նրանց մեջ դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է հիմա առաջացել նման խնդիր, երբ արդեն այս ամենը ավարտվելու հնարավորություն կա։
Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, հատկապես ռազմական դրության ժամանակ, հակասում է բոլոր նորմերին, մարդկանց խուճապի է մատնում, բարոյալքում է։ Մեր ազգի մեջ կլինեն դավաճաններ, ու պատերազմի ավարտից անմիջապես հետո կանցնենք էդ դավաճանների հարցերը լուծելուն։ Մեզ հիմա ոչ միայն հարվածում են դիմացից, այլև, ինչպես երևում է՝ թիկունքից, ամենաբարձր մակարդակով։
Ինչպես բոլոր պատերազմները, սա ևս ավարտվելու է, ու այսօր արդեն սկսել են մեղքերը բարդելու պրոցես։ Հարցեր են կուտակվել Արցախում ու Հայաստանում ու Սփյուռքում ապրող բոլորի մոտ։ Ու դրանց չպատասխանելու, շեղելու համար հնչեղ անուններով ուզում են պլստալ։
Քիչ հերոսների են հեղինակազրկել, հայ ժողովուրդը պետք է հերոս չունենա՞, բոլորը պետք է լինեն քրգործերի տակ ու բանտո՞ւմ։ Հայրենիքի նոր հերոսներն արդեն վախենում եմ մտածել, թե ովքեր են։ Հասկանո՞ւմ եք, որ մեզ ուզում են կոտրել։ Չի ստացվելու, պատասխան են տալու։ Եթե էս կռվում ինձ հետ մի բան լինի, իմ փոխարեն պատասխան թող պահանջեն իմ զինակիցները, իմ ժողովուրդը, եթե ես, Աստծո կամոք, մնամ ողջ, էդ պատասխանները ես եմ պահանջելու»։
Ոստիկանությունը հայտարարություն տարածեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների խստացումների մասին:
«Մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետայինկայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների տրամադրած պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը»:
Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը.
«Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողություններն ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով եւ ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Հայկական Զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկաեւ այլ միջոցներ՝ հակառակորդի հետ շպրտելով ելման բնագծերը։ Նման մանր փորձեր կատարվել են նաեւ այլ ուղղություններում։ Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»։
Ըստ նրա՝ շնորհիվ բուժծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք:
Ա.Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ դավաճանության մասին հաղորդագրությանը.
«Պատերազմների ժամանակ, ցավոք, հերոսությունների, իսկ մեր դեպքում մասսայական հերոսությունների կողքին լինում են նաեւդավաճանություններ»։
Իսկ այն մասին, որ հակառակորդն առաջ է շարժվում Արաքսի հովտով՝ Ա.Հովհաննիսյանը ոչ մի բառ չի ասել, օրվա առաջին կեսին նույնիսկ ծաղրում էր հակառակորդին, թե «փախուստը ազգային սպորտաձեւ է»։




























