Քննչական կոմիտեն պետք է ամեն ինչ պարզի, թե չէ շատ մարդկանց շատ մեղադրանքներ կարող են առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Եդեսիա համայնքի ղեկավար Վահան Աբգարյանը՝ անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը, ըստ որի իր նկատմամբ քրգործ է հարուցվել չարաշահումների համար:

«Մեր գյուղով անցնող խողովակաշարը հիսունական թվականներից Ապարանից սնուցում է Բաղրամյանի շրջանը խմելու ջրով։ Խողովակաշարն անցնում է ևս 15 համայքնով։ Այն մոտ 7-8 կիլոմետր է։ Նշված 11 կիլոմետրն օդից գրված թիվ է։ Խողավակաշարի մի քանի կիլոմետրը չի օգտագործվել այդ տեղից հանել ենք ու տեղափոխել ենք այլ տեղ ու օգտագործել։ Հետո երբ «Հայջրմուղկոյուղին» իր խողովակաշարն առել-տարել է։ Ես ի՞նչ գործ ունեմ իրենց սեփականության հետ, եթե նույնիսկ այն անցնում է իմ համայնքով։ Այս ամեն ինչը պետք է հստակ չափվի ու պարզաբանվի»,- ասաց նա։

Համայնքապետը համաձայն չէ նաև մեղադրանքի այն կետին՝ ըստ որի ինքը համայնքի բյուժեից անհիմն դուրս է բերել 4․500․000 դրամ։

«Հատուկ մասնագիտական խմբով գնահատվել է, որ հետագա օգտագործման համար մեքենան պիտանի չէ, անսարք է։ Իմ մեքենան օգտագործել ենք գյուղի կարիքների համար Հիմա ասում են՝ դու քո սեփական մեքենայի համար վառելիքի գումար ես դուրս բերել։ Բայց ավագանին է որոշել, որ վառելիքի գումարը պետք է դուրս բերվի համայնքի բյուջեից։ Ես իմ սեփական մեքենան օգտագործել եմ, գոնե վառելիքը չպե՞տք է դուրս բերեի»։

Վահան Աբգարյանի խոսքով՝ ինքը 500 հազար դրամով ձեռք է բերել հեռուստացույց, որը օգտագործվում է համայնքային կարիքների համար։

 « «ՎԻԷԼՎԻ» ընկերությունից ձեռք ենք բերել հեռուստացույց կրկին համայնքի կարիքների համար։ Հեռուստացույցը մեր համայնքային կենտրոնում է, ոչ թե իմ աշխատասենյակում։ Ուրեմն՝ ես ինչպե՞ս եմ այն օգտագործել իմ կարիքների համար։ Համակարգիչն արժեցել է 510 հազար, իսկ մոտ 80 հազար արժեցել է իր տակդիրը։ Քննչական կոմիտեն այս ամեն ինչը կպարզի, թե չէ մարդուն այնքան մեղադրանք կարող է առաջադրվել։ Այս ամեն ինչը ես կարող եմ ապացուցել»,- նշեց նա։

Վահան Աբգարյանը հավելեց, որ ինքը մոտ 20 օր առաջ հարցաքննվել է ԱԱԾ-ում, իսկ իրեն առաջադրված մեղադրանքի մասին տեղեկացել է հենց այսօր։ Քննչական կոմիտեից իրեն հարցաքննության դեռ չեն կանչել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ըստ մեղադրանքի՝ համայնքապետը 2013-2019թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը,  յուրացման եղանակով  առերևույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը և դրանք օտարել:

2016-2021թթ. ընթացքում, ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում, վառելանյութ ձեռք բերելու համար, համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 4.500.000  ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել:

2018 թվականի ընթացքում, համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով, համայնքի բյուջեից դուրս է գրել 516.200 ՀՀ դրամ գումար և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Կատարվում է նախաքննություն։

Առերևույթ չարաշահումներ՝ Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից. ՔԿ