Թուրքիան ցանկանում է Lockheed Martin արտադրության 40 ամերիկյան F-16 կործանիչ գնել։ Մեկ մլրդ դոլարի չափով գործարքը դեռ ընթացքի մեջ է, որը պետք է հաստատեն ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ Կոնգրեսը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Քաղաքականությանը համապատասխան՝ նախարարությունը չի հաստատում եւ չի մեկնաբանում պաշտպանական վաճառքները, քանի դեռ Կոնգրեսին չի զեկուցվել այդ մասին»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Անկարան պատվիրել է ավելի քան 100 F-35 ինքնաթիռ, սակայն ծրագրից դուրս է մնացել 2019 թվականին՝ ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելուց հետո:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկարամյա գործընկերությունը վերջին հինգ տարիների ընթացքում աննախադեպ ցնցումներ է ապրել Սիրիայի շուրջ քաղաքական տարաձայնությունների, Մոսկվայի հետ Անկարայի ավելի սերտ կապերի, Արեւելյան Միջերկրական ծովում նրա ռազմածովային հավակնությունների, թուրքական պետական բանկի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքների պատճառով։
2020 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնը սեւ ցուցակում է ներառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությանը, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրին եւ երեք այլ աշխատակիցների: Այդ պահից ի վեր ԱՄՆ-ն բազմիցս զգուշացրել է Թուրքիային ռուսական զենքի հետագա գնումների մասին: Բայց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած շաբաթ հայտարարեց, որ Անկարան մտադիր է Ռուսաստանից գնել Ս-400-երի երկրորդ խմբաքանակը։




























