Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տարօրինակ է համարում ԵՄ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ընտրությունները չճանաչելու փաստը:
«Արդեն երկար տարիներ ԼՂՀ ժողովուրդը իր օրինական իշխանությունը ձեւավորում է ընտրությունների միջոցով եւ, բնականաբար, այդ բոլոր տարիների ընթացքում հայտարարել են, թե չեն ընդունում ԼՂՀ ընտրությունները:
Դա մեզ համար տարօրինակ է, բայց փորձում ենք հասկանալ»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահը՝ մեկնաբանելով ԵՄ հայտարարությունը:
Նրա խոսքով, պետք է հաշվի նստել ԼՂՀ ժողովրդի կարծիքի հետ: «Ընտրություններին այլընտրանք չկա եւ, կարծում եմ, ԼՂՀ-ում ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրություններ են կայացել»,- ասել է Սարգսյանը:
Նախագահը ընգդծել է նաեւ բանակցային գործընթացին ԼՂՀ-ի մասնակցության կարեւորությունը: «Դա կարող է որակական նոր մակարդակ ապահովել գործընթացում»,- ասել է նա:
Խոսելով բանակցային գործընթացին մասնակցելու Թուրքիայի ցանկության մասին, նախագահը նկատել է. «Չեմ կարծում, որ դրսից որեւէ մեկի ներգրավումը կարող է օգնել գործընթացին: Փոխանակ Ադրբեջանին պաշտպանելու, Թուրքիայի կրճատում է տարածաշրջանում արարիչ դերի հեռանկարները»:
Իր հերթին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ասել է, թե Քեթրին Էշթոնի հայտարարությունը ԵՄ պաշտոնական տեսակետն է:



























