Ամերիկացի, բրիտանացի ու եգիպտացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հնագետներն առ այսօր թերագնահատել են կենդանիների ոչնչացման մասշտաբներն ու տարածքը, որը տեղի է ունեցել էոցենի ու օլիգոցենի սահմանին շուրջ 30 միլիոն տարի առաջ՝ գլոբալ սառեցումից հետո, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Communications Biology-ին:

Այդ ժամանակաշրջանը նշվել է կլիմայի կտրուկ փոփոխություններով, հատկապես այդ ժամանակ Անտարկտիդան սկսել է ծածկվել ամբողջական սառցե վահանով, սառցաբեկորները եկել են նաեւ հյուսիսից, ամբողջ մոլորակում կլիման ցրտել էր ու դարձել ավելի չոր, անհետացել էին ճահիճները, նվազել էր ծովի մակարդակը, անտառները վերածվել էին մարգագետինների, պակասել էր նաեւ մթնոլորտում ածխաթթու գազի քանակությունը: Այդ ժամանակ Եվրոպայում ու Ասիայում գոյություն ունեցող տեսակների շուրջ երկու երրորդը ոչնչացվել էր, սակայն առ այսօր համարվում էր, որ աֆրիկյան կաթնասունները գրեթե չէին տուժել: Աֆրիկայի մեղմ կլիման ու հասարակածին մոտ գտնվելը կարող էին լինել պաշտպանություն ցրտից:

Այժմ մեծապես շնորհիվ քարացուկների հսկայական հավաքածուի, որը պահվում է Դյուքի համալսարանում, հետազոտողներին հաջողվել է ցույց տալ, որ, չնայած Աֆրիկայի համեմատաբար մեղմ կլիմայի, աֆրիկյան կաթնասունները տուժել են գրեթե այնպես, ինչպես Եվրոպայում եւ Ասիայում: Ուսումնասիրելով հինգ խմբի կաթնասունների աֆրիկյան քարացուկները՝ ներառյալ ոչնչացած գիշատիչները, ինչպես նաեւ պրիմատների երկու խումբ եւ մարդկանց նախնիներին՝ անտրոպոիդներին՝ գիտնականները կառուցել են էվոլյուցիոն ծառ՝ պարզելով, թե հատկապես երբ է տեղի ունեցել ճյուղավորումը, եւ նշելով հավաքածուում յուրաքանչյուր տիպի առաջին ու վերջին հայտնությունը: Արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված բոլոր հինգ խմբերը կրել են հսկայական կորուստներ էոցենի ու օլիգոցենի սահմանին: