Վրաց պատգամավորները կոչ են անում սկսել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն անվստահություն հայտնելու գործընթաց։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Կառլո Կոպալիանին հայտարարել է, որ Եվրամիության հանձնաժողովի փորձագետների զեկույցը, որում Սահակաշվիլուն մեղավոր են ճանաչել Հարավային Օսիայում պատերազմ սկսելու մեջ, թույլ է տալիս նման գործընթաց սկսել։
Georgia Times թերթի հաղորդման համաձայն, ըստ պատգամավորի, զեկույցը ցույց է տվել, որ «թագավորը մերկ է, իսկ ով այդքանից հետո փորձում է ծածկել նրան, նա՝ թզենու տերեւ է»։ Կոպալիանին կոչ է արել Սահակաշվիլուն կամավոր հրաժարական տալ։
Վրացական օրենսդրության համաձայն, իմպիչմենտի վերաբերյալ փաստաթղթի տակ պետք է ստորագրեն խորհրդարանի 150 պատգամավորների ոչ պակաս, քան մեկ երրորդը։ Միայն այդ դեպքում այն կքննվի Վրաստանի Գերագույն եւ Սահմանադրական դատարանների կողմից։
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի պատճառները պարզող ԵՄ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ ռազմական գործողությունները սանձազերծվել են Վրաստանի կողմից։ Վրաստանի իշխանությունները մեղադրվել են ռմբակոծության եւ ոչ ռազմական օբյեկտների ոչնչացման ու խաղաղարար առաքելության զինվորների վրա հարձակվելու մեջ։




























