Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն եւ ելույթ ունեցել:
«Հայտարարություններով, հռչակագրերով կամ լոկ բարի կամքի դրսեւորումներով հնարավոր չէ լուծել անհանդուրժողականության եւ խտրականության խնդիրները: Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն եւ հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման ձեւ չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը շատ հստակ մի խմբի հանդեպ ատելություն եւ դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով. ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը` հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության եւ հանցագործության զոհ դառնալու հավանականությունը»:
«Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարեւան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաեւ չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը:
Երբ այսօր մեր հարեւան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության եւ պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը: Ադրբեջանում, ինչպես եւ Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երեւույթ, որից պետք է ազատվել ջարդերի եւ կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի եւ նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել:
Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է: Մարդասիրությունը դիմակայեց ճակատամարտը, սակայն մարդատյացության դեմ պատերազմը շարունակվում է: Մարդատյացությունը տանուլ տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Աշխարհում քանի՞ տեղ է մնացել, որտեղ մանուկներն աչքերը երկնքին են հառում ոչ թե արեւին ողջունելու եւ երկնքով հիանալու, այլ համոզվելու համար, թե արդյո՞ք երկնքից մահ չի գահավիժելու»,- ասել է ՀՀ նախագահը:
«Այսօր, „Վիլա Ամպեն“-ում Պողոսյան հայ ընտանիքի շնորհիվ իրականություն է դառնում բարոն Ամպենի տեսլականը, որովհետեւ մենք` հայերս, չենք վախեցնում ուրիշների երեխաներին զենքի շաչյունով, որովհետեւ մեր նպատակը մշակույթների երկխոսությունը եւ փոխադարձ հարստացումն է: Եվ հե՛նց այդ պատճառով չեմ թաքցնում ուրախությունս „Վիլա Ամպենում“ Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների միջեւ երկխոսության եւ արվեստի կենտրոն ստեղծելու առիթով, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս»,- ասել է նա:



























