Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, ուժի մեջ է թողել ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում հայտնի բլոգեր եւ լրագրող Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների եւ սպանության փորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է իսրայելցի Լապշինին 30 000 եվրոյի չափով դրամական փոխհատուցում վճարել:
«Իհարկե, ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել»,- DW-ին ասել է Ալեքսանդր Լապշինը: Միեւնույն ժամանակ, նա տարօրինակ է համարում, որ Բաքուն դիմել է դատարան՝ գործը վերանայելու համար․ «Չէ որ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, համարյա 99 տոկոս դեպքերում, չի հրաժարվում իր ընդունած որոշումներից»։
«Իմ «հանցագործությունն» այն էր, որ 2011 թվականին, որպես զբոսաշրջիկ, ես այցելեցի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- ասել է Լապշինը: Նրա խոսքով, մինչ այդ ինքը եղել էր աշխարհի ավելի քան 150 երկրներում՝ բոլոր մայրցամաքներում, եւ նույնիսկ մտքով չի անցել, որ այդ ուղեւորությունից հինգ տարի անց իր հանդեպ միջազգային հետախուզում կարող են հայտարարել:
Բլոգերի կարծիքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել սոցիալական ցանցերում հրապարակումները, որոնք տեսել են Լապշինի հարյուր հազարավոր բաժանորդներ: Նա մեղադրել են ոչ միայն առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնության պարզապես սահմանը հատելու, այլեւ «անջատողականությանը սատարելու» եւ «Ադրբեջանում գործող իշխանությունը տապալելու կոչերի» մեջ:
2016 թվականին Լապշինը Ադրբեջանի հայցով ձերբակալվել էր Մինսկում: Երկու ամիս անց, որն անցկացրել էր տեղի բանտերից մեկում, Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական հանձնարարությամբ հանձնվել էր Բաքվին: Մեկ տարի անց Բաքվի դատարանը, չապացուցված համարելով կառավարության տապալման եւ անջատողականությանը աջակցելու վերաբերյալ բլոգերին առաջադրված մեղադրանքները, նրան մեղավոր էր ճանաչել Ղարաբաղ «անօրինական այցելելու» մեջ: Մեղադրող կողմը նրա համար վեցուկես տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:
Չնայած այն բանին, որ Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պաշտպանեցին բլոգերին, նա յոթ ամիս անցկացրեց բանտում: Նրան խոշտանգել են, արգելել օգտվել հեռախոսից, գրել եւ կարդալ, իսկ միակ գիրքը, որը նրան տվել են, Ղուրանն է եղել, չնայած Լապշինը հրեա է:
«Յոթ ամիս անց հարձակման ենթարկվեցի»,- DW-ին պատմել է Ալեքսանդր Լապշինը: «Պահակները փորձեցին սպանել ինձ, չնայած հետագայում իշխանությունները փորձեցին միջադեպը ներկայացնել որպես ինքնասպանության փորձ»: Լապշինը չորս օր կոմայի մեջ է անցկացրել, որից հետո նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել եւ չարտերային չվերթով ուղարկել Թել Ավիվ: Հայրենիքում փորձաքննությունը հաստատել է բլոգերի սպանության փորձի փաստը:
2018-ին Լապշինը բողոքել է ՄԻԵԴ-ին՝ մեղադրելով Ադրբեջանին անօրինական ազատազրկման, բանտում վատ վերաբերմունքի եւ սպանության փորձի մեջ: Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին:





























