Ջավախքի ազգային խորհուրդը Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

«Մայիսի 30-ին, ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ Ջավախքի տարածաշրջանում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Սովորաբար ընտրությունների նախաշեմին` այն քայլերը, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից եւ ազգաբնակչության շրջանում առաջացնում տարբեր հուզումներ, մասնակիորեն մեղմվում են կամ գոնե այդ մասին հնչում են խոստումնալից հայտարարություններ: Վրաստանի պարագայում այս „ավանդույթը“ բացառվեց, եւ այն քաղաքականությունը, որն իրականացնում են վրացական իշխանությունները Ջավախքում, իր բոլոր կողմերով մնաց նույնը:

Տարածաշրջանում ընտրությունների նախաշեմին այդպես էլ լուծում չստացան այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են տարածաշրջանի, հայոց լեզվի, բռնազավթած եկեղեցիների վերադարձման եւ Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հիմնահարցերը, ՀՀ-Վրաստան սահմանում գրականության, մշակութային տարբեր առարկաների առգրավման եւ այդ միջոցով իրականացվող „սպիտակ եղեռնի“, տարածաշրջանում հայ-վրացական պետական բուհի հիմնման անթույլատրելիության հիմնահարցերը:

Վրաստանի իշխանությունները ոչ միայն ձեռնամուխ չեղան վերոհիշյալ հիմնահարցերի լուծմանը, այլեւ ընտրությունների նախաշեմին գործեցին առավել անզիջում եւ կոշտ դիրքերից, մասնավորապես՝ փոփոխության ենթարկեցին ՏԻՄ օրենքը, որով, փաստորեն, բացառվեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածության առաջադրումը տարբեր ընտրատարածքներում։
Տեղում կուսակցության գրանցման արգելումը հիմք հանդիսացավ, որպեսզի ՏԻՄ մեծամասնական եւ համամասնական ցուցակները կազմվեն բացառապես վրացական կուսակցությունների հայեցողությամբ: Ներկա սպառնալիքների, վախի ու բռնաճնշման տարբեր մեթոդների գործադրմամբ շատ ընտրատարածքներից իրենց թեկնածությունները ստիպված հետ վերցրեցին հայկական շահերը ներկայացնող մի շարք թեկնածուներ:

Նույն բռնաճնշումների պայմաններում ներկայումս գրեթե անհնար է դարձել իրականացնել „կողմնակի“ որեւէ քարոզչություն, իսկ ընդդիմադիր „Ազգային խորհրդի“ միջոցով մեր կողմից առաջադրված թեկնածուները գտնվում են լիարժեք մեկուսացվածության մեջ:

Ելնելով ստեղծված անելանելի իրավիճակից` մենք՝ „Ազգային խորհրդի“ կողմից առաջադրված թեկնածուներս, դատապարտում ենք վրացական իշխանությունների հակաժողովրդավարական այս քայլերը եւ հայտնում մտահոգություն, որ Ջավախքում օր-օրի խորացող ազգային ճգնաժամը հետընտրական շրջանում կարող է դառնալ տարածաշրջանի անկայունության պատճառ»,- ասված է հայտարարության մեջ: