Այսօր մայիսի 28-ն է՝ Հայաստանի առաջին հանրապետության 92-ամյակը:
1918թ. նույն այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Օրհասական այդ օրերին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ ետ մղելու քեմալական Թուրքիայի արշավանքը: 1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել եւ ապա Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին:
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդն ընդունեց մի հայտարարություն, որը դարձավ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախության հռչակագիրը:. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»:
1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երեւանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը եւ Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը ստեղծվեց 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայաստանի առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին, խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը:
Հայաստանի առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, ընդամենը 2,5 տարի: 1920թ. դեկտեմբերի 2-ին 11-րդ կարմիր բանակի ճնշման տակ Հայաստանը խորհրդայնացվեց:




























