Մոսկվայում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Մեհմետ Կորխմազը, որը, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, միջազգային հետախուզման մեջ էր գտնվում, պարզվել է, որ ենթադրյալ ահաբեկչի անվանակիցն է: «Պարզվել է, որ հետախուզման մեջ է ոչ թե նա, այլ մեկ ուրիշը: Այս ձերբակալվածը Ինտերպոլի ցուցակներում գրանցված չէ»,- «Գազետա.ru»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

37-ամյա Կորխմազին ձերբակալել էին մայիսի 27-ին: Hyundai մեքենան, որի ղեկին եղել է Կորխմազը, կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները: Ստուգելով փաստաթղթերը՝ ոստիկանները պարզել են, որ նրան փնտրում է Ինտերպոլը՝ դեռ 2008թ. օգոստոսի 21-ից: Նրան տեղափոխել են ոստիկանատուն եւ հայտնել Ինտերպոլին: Սակայն ստուգումներից հետո պարզվել է, որ նա ահաբեկչի անվանակիցն է, համընկել են նաեւ ծննդյան օրերը:

Ձերբակալվածն արտաքսվել է, քանի որ նրա վիզաները ժամկետանց են եղել: