Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչը կարող է նոր լիցք հաղորդել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը ողջունելի է համարել նաեւ նախօրեին Խարկովի նահանգապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` կարեւորելով համագործակցության խորացումը երկու երկրների մարզերի միջեւ:
Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է 2009թ. առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների նվազմանը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը չի համապատասխանում երկրների իրական տնտեսական ներուժին, եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն ընդլայնելու նպատակով:




























