Տեսախաղերի եւ բռնության մակարդակի բարձրացման միջեւ կապն իսկապես հաստատվել է բազմաթիվ ուսումնասիրություններով, մինչդեռ մյուսները ցույց են տվել, որ այն չի կարելի պատճառահետեւանքային անվանել: Այս եզրակացությանն է հանգել Առլինգթոնում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) մասնագետ Մայքլ Ուորդը, գրում է Naked-Science-ը։
Նա վերլուծել է Քաղաքացիների առողջության երկարատեւ ուսումնասիրության տվյալները պատանեկությունից մինչեւ հասուն տարիք: Այն ներառել է 7-12-րդ դասարանների (ԱՄՆ-ում դպրոցների 12-ամյա կրթական համակարգ է) 15 հազար աշակերտի եւ բաղկացած է եղել չորս փուլից՝ առաջինն անցկացվել է 1995 թվականին, իսկ վերջինը՝ 2008 թվականին, երբ մասնակիցները 24-32 տարեկան են եղել:
Ելնելով այս վերլուծությունից՝ Ուորդը եզրակացրել է, որ տեսախաղերից կախվածության եւ բռնության դրսեւորման միջեւ հարաբերակցությունը հիմնականում պայմանավորված է, այսպես կոչված, միջնորդող գործոններով: Սա նշանակում է, օրինակ, որ դեռահասները, ովքեր արդեն հակված են բռնության, ավելի հաճախ են համակարգչային խաղեր խաղում, քան նրանց ավելի հանգիստ հասակակիցները: Այսպիսով, բռնությամբ տեսախաղերի արգելումը կամ դրանց վաճառքի սահմանափակումը, ըստ գիտնականի, միայն կհանգեցնի նրան, որ դեռահասները կսկսեն ագրեսիան ավելի վտանգավոր ձեւով արտահայտել, օրինակ՝ փողոցային կռվում։
Նմանատիպ արդյունքներ է ցույց տվել Լոնդոնի քաղաքային համալսարանի (Մեծ Բրիտանիա) դոկտոր Ագնե Սյուզիդելիտի նոր հետազոտությունը, որը հրապարակել է այն Journal of Economic Behavior & Organization ամսագրում: Նա վերլուծել է, թե ինչպես են դաժան տեսախաղերն ազդում 8-18 տարեկան տղամարդկանց ագրեսիվ վարքի վրա:
Դրա համար մասնագետն օգտագործել է էկոնոմետրիկ մեթոդներ, որոնք բացահայտում են համակարգչային խաղերի եւ բռնության հավանական կապը: Եւ նա ոչ մի ապացույց չի գտել, որ նման բռնությունն աճում է դաժան տեսախաղի հերթական թողարկումից հետո:
Այնուամենայնիվ, Սյուզիդելիտը նշել է, որ ծնողները հայտնում են, թե երեխաներն ավելի հավանական է՝ միտումնավոր են փչացրել իրերը այս տեսակի խաղեր խաղալուց հետո: Հետազոտողը եզրակացրել է, որ դաժան տեսախաղերը կարող են գրգռող ազդեցություն ունենալ դեռահասների վրա, սակայն այդ գրգռվածությունը չի վերածվում բռնության այլ մարդկանց նկատմամբ:





























