Վրաստանի հակահետախուզությունը ձերբակալել է միանգամից մի քանի ֆոտոթղթակցի, այդ թվում` Սահակաշվիլիի անձնական լուսանկարչին:
Ձերբակալվածների թվում, բացի Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեից, նաեւ ԱԳՆ լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն է:
ՆԳՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է ձերբակալության պատճառը: «Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել օտարերկրյա պետություններից մեկի հովանու ներքո գործող կազմակերպություններին տարաբնույթ տեղեկատվություն փոխանցելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելացնենք, որ նշված լրագրողները հաճախ էին ուղեկցում պետության ղեկավարին այցերի ժամանակ: Ելնելով դրանից` փորձագետները ենթադրում են, որ նրանց ավելի շուտ կասկածում են այն տեղեկատվությունը փոխանցելու մեջ, որոնք լրագրողները կարող էին ունենալ պետության ղեկավարին կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների այցերի ժամանակ ուղեկցելիս:
Հիշեցնենք, որ առաջատար միջազգային գործակալություններում աշխատող ֆոտոթղթակիցների ձերբակալությունը տեղի է ունեցել հինգշաբթի: ԱԳՆ լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն հացադուլ է հայտարարել:




























