ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը մտադիր է չորեքշաբթի եվրահանձնակատարներին ներկայացնել հայեցակարգ, որը հիմք կհանդիսանա դաշինքի համատեղ ռազմական գործողությունների համար արտերկրում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի սեւագիր տարբերակը։
Գործակալության տվյալներով՝ նախագիծը, որը կոչվում է «ԵՄ ռազմավարական կողմնացույց», բովանդակությամբ նման է մշակման փուլում գտնվող մեկ այլ փաստաթղթի՝ «ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգ»-ին, որը նկոչված է նախանշելու դաշինքի նպատակները:
Փաստաթղթի սեւագիր տարբերակի առաջաբանում Բորելը ընդգծում է, որ «ՆԱՏՕ-ի դաշինքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ» մնում է Եվրոպայի հավաքական անվտանգության գլխավոր պատասխանատուն՝ միաժամանակ տեքստի սկզբում նշելով, որ «Եվրոպան վտանգի մեջ է»։ Թե կոնկրետ ինչ սպառնալիքներ նկատի ունի Բորելը, գործակալությունը չի պարզաբանում` վկայակոչելով փաստաթղթի որոշ մասերի գաղտնիությունը, որոնք պարունակում են սպառնալիքների գնահատում: Այդուհանդերձ, նշվում է, որ կարելի է խոսել «ԵՄ-ի սահմաններին անգործունակ պետությունների մասին՝ որպես գոտիների, որտեղ ԵՄ-ն կարող է խաղաղապահներ ուղարկելու կամ իր քաղաքացիների տարհանումը կազմակերպելու կարիք ունենալ»։ Այս երկրների անունները նշված չեն։
Reuters-ը նշում է, որ Բորելը համոզելու է եվրահանձնակատարներին, որ «ԵՄ եվրոպական կողմնացույցը» հերթական փաստաթուղթը չէ, որը նշում է դաշինքի նախկին պաշտպանական ձախողումները: «Այս անգամ տարբերությունը աշխարհաքաղաքական համատեքստի փոփոխման արագության մեջ է։ Սա ավելի հրատապ գործողություններ է պահանջում»,- մեջբերում է գործակալությունը նախաբանից մի հատված։
Երկուշաբթի օրը նախագծով կզբաղվեն ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները։ Գործակալության տվյալներով՝ փաստաթղթի վերջնական տարբերակը նախատեսվում է համաձայնեցնել 2022 թվականի մարտին։





























