Հարավային Կորեայի ոստիկանությունը պնդում է, որպեսզի հետաքննվի ամերիկյան դիվանագետի մասնակցությամբ վթարը՝ պարզելու համար՝ արյդո՞ք նա միտումնավոր փախել է Սեուլում ՃՏՊ վայրից, տեղեկացնում է AP-ը։

Նախօրեին Սեուլում դիվանագետի մեքենան հետեւից հարվածել էր տաքսուն, բայց կանգ չէր առել եւ շարունակել էր վարել, տեղեկացրել են Սեուլի Յոնգսան ոստիկանական տեղամասում՝ հղում կատարելով տեսանյութի ուսումնասիրությանը։

Տաքսին հետեւել էր դիվանագետի մեքենային, մինչեւ որ այն կանգ էր առել Սեուլում ԱՄՆ ռազմակայանի դարպասների մոտ։ Պատահարի վայր ուղարկված ոստիկանները փորձել էին պարզել դիվանագետի անձը, բայց նա հրաժարվել է պատասխանել որեւէ հարցման, հայտարարել են ոստիկանները։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տաքսու վարորդը եւ ուղեւորը անմիջապես չեն տեղեկացրել վնասվածքների մասին։ Ոստիկանությունը հայտարարել է, որ չգիտի՝ տուժե՞լ է արդյոք որեւէ մեկը ամերիկացի դիվանագետի ավտոմեքենայում։

Հինգշաբթի ոստիկանությունը պաշտոնական նամակներ է ուղարկել Սեուլում ԱՄՆ դեսպանություն եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարություն՝ հետաքննության հարցում համագործակցության խնդրանքով։ Ավելի ուշ արտաքին գործերի նախարարությունը ոստիկանությանը տեղեկացրել է, որ, ոստիկանության տվյալներով, մեքենայում ԱՄՆ չորս դիվանագետ է եղել, ներառյալ վարորդը։

Եթե վարորդը գիտեր բախման մասին եւ միտումնավոր փախել էր, նրա վարքագիծը քրեական հանցագործություն է համարվում։ Ըստ ոստիկանության, անգամ եթե նա չի կարողացել կռահել պատահարի մասին եւ միտումնավոր չի փախել, նա, միեւնույն է, պետք է վճարի տաքսու նորոգման համար։