Եվրամիությունը կձգտի սեւ ցուցակում ներառել ավիաընկերությունները, որոնք միգրանտներ են հասցնումԲելառուս եւ կհամակարգի Մինսկի դեմ նախատեսված պատժամիջոցները Միացյալ Նահանգների հետ, հայտնել է Եվրահանձնաժողովը, փոխանցում է Reuters-ը։
«Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցները պատասխանն են, որը պետք է կիրառվի բելառուսական ռեժիմի դեմ։ Նախագահը (Եվրահանձնաժողովի) հիշատակել է, որ առաջարկ կլինի երկարաձգել գործող պատժամիջոցները»,- ասել է ԵՀ մամուլի քարտուղարը։
«Նախագահը նաեւ ասել է, որ մենք կքննարկենք պատժամիջոցներ սահմանելու օրինական ուղիները, այդ թվում` որոշ ավիաընկերությունների` սեւ ցուցակում ներառումը, որոնք միգրանտներ են բերում Բելառուս, որպեսզի հետագայում ուղարկեն նրանց Լեհաստանի հետ սահման, որպեսզի նրանք մասնակցեն միգրանտների անօրինական դուրս բերմանը: Մենք պրակտիկ գործողությունները կհամակարգենք Միացյալ Նահանգների հետ»,- ասել է նա։
Պատասխանելով Ռուսաստանից ԵՄ գազի տարանցումը դադարեցնելու Բելառուսի սպառնալիքների մասին հարցին ի պատասխան ԵՄ ցանկացած պատժամիջոցի` Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակն ասել է. «Մենք սպառնալիքներ տեսել ենք, մեզ չես վախեցնի բելառուսական ռեժիմի որեւէ պոտենցիալ գործողությամբ՝ գազը որպես գործիք օգտագործելով»։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Բելառուսի նախագահը սպառնացել է Եվրամիությանը պատժամիջոցների ընդլայնման դեպքում դադարեցնել գազի տարանցումը դեպի Եվրոպա, որն անցնում է «Յամալ-Եվրոպա» անդրազգային գազատարով։



























