Վինսենթ Վան Գոգի բնանկարը, որը նացիստները գողացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ, վաճառվել է Նյու Յորքի աճուրդում 35.9 մլն դոլարով, ինչը ռեկորդային է հոլանդական իմպրեսիոնիստական ջրաներկի համար, հայտնում է Reuters-ը։
Ըստ Christie's-ի` 1888 թվականի աշխատանքը՝ Mueles deble-ը, գնվել է 20-30 միլիոն դոլար նախավաճառքի գնահատականը գերազանցող գումարով: Վերջին անգամ այն ցուցադրվել էր 1905 թվականին։
Mueles deble-ը պատկերում է խոտի դեզն Առլում, որտեղ Վան Գոգն ապրել է ավելի քան մեկ տարի 1880-ականներին: Ի տարբերություն նրա ամենահայտնի յուղաներկով կտավների՝ նկարն արված է ջրաներկով, գուաշով, գրիչով եւ թանաքով թղթի վրա։
Նկարչի ինքնասպանությունից հետո աշխատանքը պատկանում էր նրա եղբորը՝ Թեո Վան Գոգին։ Մի քանի տիրոջ ձեռքով անցնելուց հետո այն գողացել էին նացիստական զորքերը Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ։
Պատերազմից հետո նկարի գտնվելու վայրն անհայտ էր մինչեւ 1970-ական թվականները։ Այն գտնվում էր մասնավոր ձեռքերում, մինչեւ Christie's-ը ձեռք բերեց աշխատանքը կոլեկցիոների եւ սկզբնական տերերի ժառանգների հետ համաձայնության արդյունքում:





























