Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը Հայաստանում առկա սոցիալ տնտեսական իրավիճակի համար մեղադրում է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նրան առաջարկում է «գնալ ու կախվել»։ Նման հայտարարությամբ նա հանդես եկավ հուլիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե Տիգրան Սարգսյանը նամուս ունենա, ոչ ոքի աչքին ընդհանրապես չի երեւա, տանից դուրս չի գա, ներողություն կխնդրի, կգնա ու կկախվի։ Մենք էլ կպրծնենք, էս հանրապետականներն էլ կպրծնեն նրանից»,- վրդովմունք արտահայտեց Գուրգեն Եղիազարյանը՝ վարչապետի հասցեին իր այդքան թունդ արտահայտությունները բացատրելով հեղինակավոր Forbes ամսագրի՝ տնտեսապես ամենաթույլ երկրների ցուցակում Հայաստանի զբաղեցրած դիրքով։
«Այս վիճակում ուրիշ ի՞նչ ասեմ, ինչո՞ւ է իմ երկիրն այս վիճակում»,- շարունակեց նա՝ շեշտելով, որ հայաստանցիներն ամեն օր ավելի ու ավելի վատ են ապրում։
Որպես ծայրահեղ վատթար տնտեսական վիճակից ազատվելու տարբերակ ՀԱԿ անդամը կարեւորեց մոնոպոլիաներից ազատվելը։ «Այս կատաղած, շնացած կապիտալիզմի ձեռքը կրակն ենք ընկել»,- ամփոփեց նա։
Ասուլիսին ներկա մյուս բանախոս, հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն իր հերթին չհերքեց, որ Հայաստանում «տնտեսական լրջագույն խնդիրներ կան եւ ժողովուրդը լավ չի ապրում»։ «Ճիշտ է, մենք իսկապես ապրում ենք վայրենացած կապիտալիզմի պայմաններում, բայց որքան էլ հեղինակավոր լինի Forbes-ը, ես չեմ հավատում Հայաստանի վերաբերյալ նրա զեկույցին»,- նշեց պատգամավորը։
Նշենք, որ ըստ հեղինակավոր Forbes պարբերականի կազմած վարկանիշային ցուցակի՝ աշխարհի 10 վատագույն տնտեսությունների շարքում Հայաստանը զբաղեցրել էր 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Մադագասկարին: Հայաստանին հաջորդում են Գվինեան, Ուկրաինան, Ճամայկան, Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան եւ Իրանը: Դասակարգման համար չափանիշ են ծառայել 177 երկրների երեք տարիների, այդ թվում 2012-ի կանխատեսումները ՀՆԱ-ի, գնաճի, արտաքին առեւտրի սալդոյի եւ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը: Այս մի քանի ցուցանիշն էլ թույլ է տվել Հայաստանին դասել ամենավատագույնների շարքին:



























