Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ երկիրը կդադարեցնի ավիատոմսերի վաճառքը Իրաքի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել Բելառուս, որը վերջին ամիսներին դարձել է միգրանտների եւ փախստականների երթուղի դեպի Եվրամիություն, հայտնում է AP-ն։
ԵՄ առաջնորդները մեծ ճնշում են գործադրում ավիաընկերությունների վրա՝ դադարեցնելու Մերձավոր Արեւելքից փախստականների՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկ մեկնելը: Twitter-ում հրապարակված կարճ հայտարարության մեջ Թուրքիայի ավիացիոն մարմինը հայտնել է, որ տոմսերի վաճառքը դադարեցնելու իր որոշումը ուժի մեջ է մինչեւ հետագա ծանուցումը: Անդրադառնալով Թուրքիայի որոշմանը՝ բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ուրբաթ օրվանից Ստամբուլ-Մինսկ չվերթերով չի տեղափոխի նաեւ Իրաքի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիների։ «Բելավիա»-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ նախատեսվում է փոխհատուցել արդեն գնված տոմսերի արժեքը։



























