ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ համաշխարհային շուկայում նավթի ծավալները նախկինի պես թույլ են տալիս այլ երկրներին կրճատել Իրանից նավթի գնումները։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած եւ ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հրապարակված հուշագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշված է փաստաթղթում, ամերիկացի առաջնորդն իրեն տրամադրված տեղեկատվության հիման վրա եկել է այն եզրակացության, որ «կա նավթի եւ նավթամթերքի բավարար մատակարարում Իրանից բացի այլ երկրներից», ինչը թույլ է տալիս ապահովել Թեհրանից նավթի գնումների կրճատումը։ «Ես կշարունակեմ ուշադիր հետեւել այս իրավիճակին»,-ասվում է հուշագրում, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին եւ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմին:



























