Վլադիմիր Լենինի մարմինը վաղ թե ուշ դուրս կբերվի դամբարանից եւ կհուղարկավորվի, հասարակության մեջ այս հարցում «որեւէ փոխզիջում կգտնվի»։ Շաբաթ օրը նման կարծիք է հայտնել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռոսիա-24» հեռուստաալիքի «Եկեղեցին եւ աշխարհը» հաղորդման եթերում հաղորդավարուհին ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Լենինի հուղարկավորության թեման երիտասարդ սերնդի շրջանում տարածված է դարձել, ինչը նախկինում չէր եղել, եւ խնդրել է մետրոպոլիտին մեկնաբանել այն կարծիքը, որ «այժմյան պետությունում առնվազն ոչ քաղաքակիրթ է մայրաքաղաքի հենց կենտրոնում ունենալ չթաղված առաջնորդի մարմին»։

«Ես նույնիսկ չեմ կասկածում, որ վաղ թե ուշ Լենինին դուրս կբերեն դամբարանից, քանի որ սա իսկապես անցյալի մնացորդ է, որ զմռսված մարմինը գտնվում է մայրաքաղաքի հենց կենտրոնում։ <...> Հուսով եմ, որ ինչ-որ փոխզիջում կգտնվի, եւ մարմինը կհուղարկավորվի»,- պատասխանել է մետրոպոլիտը։