Մարսի մակերեւույթի մեծ մասը ծածկված է խառնարաններով։ Դրանք վառ վկայությունն են տիեզերական ռմբակոծության, որին ենթարկվել է Կարմիր մոլորակն իր գոյության միլիարդավոր տարիների ընթացքում, հայտնում է universemagazine.com-ը։

TGO սարքով 2021 թվականի հունիսի 7-ին արված լուսանկարը ցույց է տալիս խառնարաններից մեկը: Այն գտնվում է Arcadia Planitia-ի տարածքում՝ հսկա հարթավայր Մարսի հյուսիսային կիսագնդի արեւելյան մասում:

Նկարում ֆիքսված մի քանի խառնարանների մեջ ամենաշատ ուշադրությունը գրավում է նկարի ձախ կողմում գտնվող անսովոր պատկերը։ Այն ներկայացնում է «կրկնակի հարվածի» վառ օրինակ։ Խոսքը մոտավորապես նույն չափի երկու խառնարանների մասին է, որոնք դրված են միմյանց վրա։

Աստղագետներին հայտնի են նման համընկնումների բազմաթիվ օրինակներ, ինչպես նաեւ խառնարանների մեջ գտնվող խառնարաններ: Խոսքը, որպես կանոն, տարբեր ժամանակներում տեղի ունեցած հարվածների մասին է։ Սակայն այս դեպքում երկու խառնարաններն էլ առաջացել են գրեթե միաժամանակ։ Սա վկայում է այն մասին, որ դրանց աղբյուրը նույն մարմինն է, որը երկու մասի է բաժանվել Մարսի մթնոլորտ մտնելիս։

Երկու հարվածային ալիքների փոխազդեցությունը ստեղծել է թիթեռ հիշեցնող բեկորների արտանետման շատ ուշագրավ գոտի: Կրկնակի խառնարանից հյուսիս մեծ մեկուսացված բլուրներ են, որոնք, ըստ երեւույթին, մինչեւ հարվածն են առաջացել: