Ճապոնացի նախկին արքայադուստր Մակոն, որը հոկտեմբերին ամուսնացել է Ճապոնիայի սովորական քաղաքացու հետ՝ այդկերպ զրկվելով թագավորական ընտանիքի անդամի տիտղոսից, եւ նրա ամուսին Քեյ Կոմուրոն կիրակի մեկնել են ԱՄՆ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo-ին:
Նշվում է, որ նախկին արքայադստերն ու նրա ամուսնուն տեղափոխող ինքնաթիռը թռիչք է կատարել Տոկիոյում Հանեդայի միջազգային օդանավակայանից:
Նորապսակները պատրաստվում են մեկնել Նյու Յորք, որտեղ աշխատում է Կոմուրոն: Մակոն ցանկանում է այնտեղ գտնել իր համար հարմար աշխատատեղ: Ճապոնական ԶԼՄ-ները նշում են, որ նրա համար գերադասելի աշխատավայրերից է ԱՄՆ Բնական պատմության թանգարանը:
Արքայադստեր ամուսնությունն ի սկզբանե պետք է կայանար 2018 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվել էր, ինչի իրական պատճառն էր փեսացուի մոր եւ վերջինիս նախկին զուգընկերոջ միջեւ ֆինանսական տարաձայնությունները, որը պահանջում էր իրեն վերադարձնել 4 միլիոն իեն (շուրջ 35 հազար դոլար), որոնք առանձնացվել էին, այդ թվում, Կումորոյի կրթության համար: Նոյեմբերի 13-ին Կումորոն կարգավորել է այդ վեճը՝ խոստանալով վճարել պահանջվող գումարը:





























