Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման թիվն ավելացել է 275 579-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներին:

Ընդ որում՝ վերջին համանման շրջանում շտաբը գրանցել էր 281 305 նոր դեպք: Այդկերպ, սեպտեմբերից ի վեր առաջին անգամ քովիդով վարակվածների մեկշաբաթյա ցուցանիշն անկել է:

Սակայն նույն այդ յոթ օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը դարձյալ ամենամեծն է համավարակի ամբողջ ընթացքում՝ 8 572 մարդ:

Այսպես կոչված ակտիվ դեպքերը, այսինքն՝ պացիենտները, որոնք բուժվում են ներկայում, նույն ժամանակաշրջանում ավելացել են 44 400-ով. ներկայում այդ ցուցանիշը կազմում է 1 030 703 դեպք, ինչը համավարակի ընթացքում գրանցված ամենաբարձր թիվն է, վկայում են շտաբի տվյալները:

Մեծանում է նաեւ ապաքինվածների թիվը. Ռուսաստանում վերջին շաբաթվա ընթացքում առողջացել է 222 607 մարդ, մինչդեռ նախորդ շաբաթ այդ ցուցանիշը կազմում էր 203 439 դեպք: