Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 15-ին,  սպանություն  է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:

Պարեկները սահմանազատել են տարածքը: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բնակիչ,  54-ամյա  Տիգրան Կ.-ն էր: 

Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի  քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: 

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում  քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են  մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը:

Դեպքի վայրից պարեկային ծառայության պարեկները Քանաքեռ-Զեյթունի  ոստիկանություն են ուղեկցել  2 տղամարդու, որտեղ պարզում է նրանց ինքնությունն ու ինչ առնչություն ունեն նշված դեպքին: