Սա քաղաքական որոշում է. կան քաղաքական որոշումներ, որոնք գյուղին չեն վերաբերում. գյուղն իր ավանդույթներն ունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բյուրական համայնքի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Բյուրականի արդեն նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանը:
Նշենք, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է եւ համայնքի ղեկավար ԺՊ է նշանակվել Ռադիկ Գեւորգյանը, որը գյուղի բնակիչ չէ, նրան գյուղացիները չեն ճանաչում եւ դեմ են նրա պաշտոնավարմանը:
«Իմ միակ ցանկությունն է, որ Բյուրականը չմասնատվի, չբաժանվի 2-3 մասի»,-ասաց Բաբայանը:
Համայնքի նախկին ղեկավարի խոսքով, ժամանակավոր պաշտոնակատարն իր կապերն է օգտագործում, որ լինի համայնքի ղեկավարը, երևի նաև այսպես հենց իրենից են ուզում ազատվել: Միաժամանակ հավելեց՝ ոչ մեկի հետ խնդիրներ չունի:
«Բոլոր իշխանությունների ժամանակ ես երբեք իմ ժողովրդից չեմ անջատվել, եղել են դեպքեր, որ դեմ եմ գնացել իշխանություններին հատուկ Բյուրականի ժողովրդի համար, քանի որ իրենք չեն պատկերացնում Բյուրականի խնդիրները: Այստեղ կոմունիկացիան կենտրոնացած չէ, եթե մեկ օր չհետևես գյուղի կոմունիկացիային, կատաստրոֆա կլինի»,- ասաց Զարզանդ Բաբայանը:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ վարչապետի ընկեր Ռադիկ Գեւորգյանին նշանակում են համայնքի ղեկավար նրա համար, որովհետև Բյուրականի նախկին ղեկավարը չի ցանկացել դառնալ ՔՊ անդամ:



























