Հայաստանի իշխանություններն առաջարկում են երկրում սահմանափակել կանխիկ գործարքները՝ դրանց վերին շեմ սահմանելով 300 հազար դրամը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Անկանխիկ վճարումների մասին» օրինագծի փաթեթի քննարկման ընթացքում, նոյեմբերի 16-ին ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործարքների վերին շեմը առաջարկվում է սահմանել 300 հազար դրամի մակարդակում։ Ընդ որում՝ այդ գումարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ։ «Մի շարք ոլորտներում ընդհանրապես կարգելվի օգտվել կանխիկից։ Դա, մասնավորապես, վերաբերում է բյուջե եւ բյուջեից վճարումներին, ինչպես նաեւ այնպիսի ոլորտներին, ինչպիսին են առողջապահությունը եւ կրթությունը»,- պարզաբանել է Աբրահամյանը։
Նա նաեւ նշել է, որ 300 հազար դրամ թիվն ընտրվել է ոչ պատահականորեն։ «2020թ. հսկիչ-դրամարկղային կտրոնների 99 տոկոսը տրվել է շատ ավելի քիչ գումարով։ Ընդ որում՝ փոփոխությունները կներդրվեն աստիճանաբար։ 2022թ. դրանք ուժի մեջ կմտնեն Երեւանում, 2023թ.՝ տարբեր մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024թ. հունվարի 1-ից՝ Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահը։
Վախթանգ Աբրահամյանը համոզված է, որ պետությունը պետք է ապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անկանխիկ վճարել ապրանքի կամ ծառայության համար։ «Եվ տնտսուբյեկտը չպետք է նրան մերժելու իրավունք ունենա»,- ընդգծեց ԿԲ ներկայացուցիչը։





























