Յոթ կին դատի են տվել Կատարի կառավարությանը՝ անցյալ տարի Դոհայի օդանավակայանում խուզարկությունների պատճառով:
2020 թվականի հոկտեմբերին զինված պահակները հրամայել էին 18 կնոջ դուրս գալ Դոհա-Սիդնեյ չվերթն իրականացնող ինքնաթիռից, հայտնում է inews-ը։
Կանայք կարծում էին, որ իրենց պատանդ են պահում եւ վախենում էին իրենց կյանքի համար: Կանայք, որոնցից մեկը բրիտանացի էր, ինվազիվ գինեկոլոգիական հետազոտության էին ենթարկվել, որը, ըստ իշխանությունների, պետք է պարզեր` արդյոք նրանք առնչություն ունեն նորածին երեխայի հետ, որին նույն օրը ավելի վաղ թողել էին օդանավակայանի զուգարանում:
Երեխայի հետ ճանապարհորդող կանանցից մեկին խուզարկելիս մերկացրել էին։ «Դա նվաստացում է եւ իշխանության չարաշահում, իմ իրավունքների խախտում։ Ոչ ոքի չի կարելի դիպչել ինձ։ Ոչ ոքի իրավունք չունի առանց իմ համաձայնության մերկացնել ինձ… եւ դա տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ օդանավակայաններից մեկում»:
Փաստաբան Դամիան Ստուրզակերը հայտարարել է, որ մտադիր է փոխհատուցման պահանջ ներկայացնել այն հիմքով, որ կանայք հարձակման եւ իրավունքների խախտման են ենթարկվել: «Միջադեպը սարսափելի էր բոլոր ներգրավված կանանց համար։ Նրանք բոլորն էլ մշտական հոգեկան խնդիրներ են ունեցել եւ վախենում են նորից թռնել»,- ասել է Ստուրզակերը։





























