Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կմեղմացնեն միմյանց երկրների լրագրողների մուտքի սահմանափակումները, հայտնում է China Daily-ն՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։

Թերթը հայտնում է, որ լրագրողական վիզաների վերաբերյալ փոխզիջումը, ի թիվս այլ բաների, ձեռք է բերվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի վիրտուալ գագաթաժողովից առաջ։

Աշխարհի երկու առաջատար տնտեսությունների միջեւ լարվածությունը, սկսած տեխնոլոգիաներից եւ առեւտրից մինչեւ մարդու իրավունքներ եւ կորոնավիրուս, տարածվել է ԶԼՄ-ների ոլորտում: Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է չինացի լրագրողների հանդեպ «քաղաքական ոտնձգությունների» մեջ այն բանից հետո, երբ կրճատել է Չինաստանի քաղաքացիների թիվը, որոնց թույլատրվում էր աշխատել չինական խոշոր պետական լրատվամիջոցների ամերիկյան գրասենյակներում եւ սահմանափակել է նրանց մինչեւ 90 օր մնալու թույլատվությունը՝ երկարաձգվող ժամկետով:

Չինաստանը վտարել է ամերիկյան մի քանի թերթերի ամերիկացի լրագրողներին եւ վիզային նոր սահմանափակումներ է մտցրել ամերիկյան որոշ մեդիաընկերությունների համար։

Ըստ ձեռք բերված փոխհամաձայնության՝ Միացյալ Նահանգները չինացի լրագրողներին բազմակի մուտքի ամենամյա վիզաներ կտրամադրի, հաղորդում է China Daily-ն՝ հավելելով, որ չինական կողմը պարտավորվել է նմանատիպ հնարավորություններ տրամադրել ամերիկացի լրագրողներին այն բանից հետո, երբ ԱՄՆ քաղաքականությունը ուժի մեջ մտնի։

Երկու երկրներն էլ, օրենքներին եւ որոշումներին համապատասխան, վիզաներ կտրամադրեն լրագրողներին, որպեսզի նրանք ազատ կարողանան դուրս գալ եւ վերադառնալ՝ COVID-19-ի արարողակարգերի խիստ պահպանմամբ։