Համբուրգի գլխավոր հրապարակում այս տարվա սուրբծննդյան տոնավաճառում միայն COVID-19-ի դեմ պատվաստվածները կամ վերջերս ապաքինվածները կարող են տոնական հեքիաթային լույսերի ներքո տաք գլինտվեյն եւ քաղցր նուշ կամ կոճապղպեղով բլիթներ վայելել: Չպատվաստվածները նախկինի պես կկարողանան զբոսնել ձեռքով պատրաստված իրեր վաճառող գունավոր տաղավարներով, հիմներ լսել, կարուսել նստել կամ հիանալ տեսարաններով:
Սակայն սննդի բաժինը նրանց համար փակ կլինի, եւ անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ կստուգեն պատվաստման կամ ապաքինման ապացույցները, Reuters-ին ասել է կազմակերպիչ Հայդե Մոմբեհերը: Այս տարանջատումը Գերմանիայում ներդրված նոր կանոնների վերջին օրինակն է, որոնք նպատակ ունեն զսպել կորոնավիրուսի չորրորդ ալիքը՝ առանց ընդհանուր մեկուսացման ներմուծման: Որոշ ընկերություններ նաեւ պատվաստվածների համար ճաշարաններում առանձին տարածքներ են ստեղծում։ Այս կանոնները նաեւ նպատակ ունեն խրախուսել մարդկանց պատվաստվել՝ հաշվի առնելով, որ Գերմանիան արեւմտյան Եվրոպայում պատվաստումների ամենացածր ցուցանիշներից մեկն ունի (67%), եւ վարակման մակարդակն էլ այստեղ ռեկորդային բարձր է։





























