Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին Հանրապետության հրապարակից սեւ հագուստ, առանց համազգեստի՝ մոտ 10-ից ավելի ոստիկաններ բռնի ուժով բերման են ենթարկել ու տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որի եղբորորդին է Հովհաննես Իշխանյանը:

«Հեռախոսով ֆիքսել են, որ Հանրապետության հրապարակում է գտնվում: Պարզվեց, որ նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառման պատճառով են բերման ենթարկել ու նրա դեմ քրեական գործ հարուցել, մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելու կամ նման կոչ անելու հատկանիշներով: Իմ համոզմամբ՝ այդ գրառումը պարզապես առիթ է եղել, իրական պատճառը նրա նկարահանած ֆիլմն է, վերջերս էր շնորհանդեսը եղել, եւ այդ առթիվ հարցազրույց էր տվել այսօր «168 ժամ»-ին: Սա ազատ խոսքը ճնշելու փորձ է: Ֆիլմը վարչապետ կոչեցյալի ու նրա էության մասին է, ֆուտուրիստական ֆիլմ է»,- ասաց Իշխանյանը:

Իշխանյանը հայտնեց, որ եղբորորդին ոստիկանական բաժանմունքում է, հույս ունեն, որ նա ստորագրությամբ ազատ կարձակվի:

Հովհաննես Իշխանյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր արել, որն էլ, ըստ Ավետիք Իշխանյանի, նրան բերման ենթարկելու եւ մեղադրանք առաջադրելու պաշտոնական հիմքն է.

«Հայաստան դաշինքը հիմա քննարկումներ ա անում: 

Փորձեմ իրենց քննարկմանը մասնակցել:

Կոչ արեք բոլոր ուժերին ու հեղինակություն ունեցող անձերին իրենց բաժին կոչն անել սրանց հարկադրաբար էս գիշեր հեռացնելու համար: Միանալու համար յուրաքանչյուրի անունը տվեք թե՛ քաղաքացիների, թե՛ քաղ գործիչերի: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Մտնել սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, այլ սրահներ ու բոլորին կանչել Թուրքիայի ներկայացուցիչերին Հայաստանից հեռացնելու համար: Զուգահեռ ավտոերթերով իրազեկեք, որ գնում եք Երևանից դուրս շպրտելու սրանց:

Մարզերում մարդկանց հանեք ոտքի:

Թեկուզ մի հոգու չպիտի թույլատրվի բերման ենթարկել, ոչ առաջնորդներից, ոչ ժողովրդից:

Սա սրանց հեռացնելու գիշերը պիտի լինի, սրանց հեռացնելու էներգիան բավարար կուտակված ա արդեն: 

Դաշինքում բոլորը պիտի էդ վճռականությամբ տրամադրվեն, թե չէ երկրորդ բլից կրիգը կիրականանա շուտով, պիտի միայն շենքերը ազատագրելու մղում լինի:

Հուսով եմ կօգնի կարծիքս լուծում գտնելու ճանապարհին»,- գրել էր Իշխանյանը: