Կարիբյան ծովի անմարդաբնակ կղզում Օրեգոնի համալսարանի հնագետները հայտնաբերել են բորոտության հետքերով 200 տարեկան գանգ։ Գիտնականները գտածոն նկարագրել են International Journal of Paleopathology ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները գանգը գտել են Պտի Մյուստիկ կղզում, որն այսօր պատկանում է Սենթ Վինսենթ եւ Գրենադինների տարածքին, եւ XVII-XVIII-ին գտնվել է Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ։ Այժմ կղզին անմարդաբնակ է, բայց, դատելով արխիվային գրառումներից, 1800-ականների սկզբին կարող էր լինել բորոտների գաղութ։ Բորոտով հիվանդներին աքսորել են կղզի՝ վարակի տարածումը կանխելու համար։ Ռադիոածխածնային ժամանակագրությունը ցույց է տվել, որ գանգը մոտ 200 տարեկան է: Ըստ ամենայնի, այն պատկանել է բորոտների գաղութում ապրող հիվանդներից մեկին։
Բորոտությունը այլանդակում է ձեռքերը, ոտքերը եւ դեմքը, եւ փոփոխությունները հասնում են ոսկորներին: Գանգի տիրոջ մոտ հետազոտողները հայտնաբերել են քթի եւ վերին ծնոտի հատվածում բնորոշ դեֆորմացիաներ։ Այսօր, եթե ժամանակին սկսվի բուժումը, կարելի է ազատվել բորոտությունից՝ առանց առողջական հետեւանքների։ Բայց 200 տարի առաջ հիվանդն անխուսափելիորեն մահանում էր, եւ մնում էր միայն նրան հեռու պահել առողջ մարդկանցից, օրինակ՝ ամայի կղզում։





























