Կատարյալ գրկախառնումները տեւում են հինգից տասը վայրկյան։ Այսպիսի եզրահանգման են եկել Գոլդսմիթի համալսարանի գիտնականները։ Նրանք հետազոտություն են իրականացրել 48 կամավորականի մասնակցությամբ, արդյունքները հրապարակվել են Acta Psychologica գիտական ամսագրում։
Հետազոտողները ցանկանում էին պարզել, թե ինչ գործոններ են ազդում գրկախառնման ընկալման վրա, եւ ինչպես են դրանք արտացոլվում մարդու հոգեվիճակում։ Հաշվի են առնվել զգայական շփման տեւողությունը, ձեռքերի դիրքը, հուզական մերձությունը, սեռը եւ վարքագիծը։
Փորձի մասնակիցների աչքերը կապում էին, իսկ հետո նրանք մի քանի անգամ անընդհատ գրկում էին միեւնույն մարդուն տարբեր ձեւերով, օրինակ՝ այլ կերպ էին խաչաձեւում ձեռքերը կամ փոխում էին գործընկերոջ մարմնի դիրքը։ Հետո նրանք նկարագրում էին իրենց զգացողությունները։
Արդյունքում՝ հետազոտության հեղինակները պարզել են, որ մարդու համար ամենահաճելին այն գրկախառնումներն են, որոնք տեւում են հինգից տասը վայրկյան։ Ընդ որում՝ առաջին գրկախառնումներն ավելի անվարժ էին եւ պակաս կառավարելի, քան դրանց հաջորդողները։ Այնքան էլ հաճելի չէին նաեւ մեկ վայրկյան տեւող գրկախառնումները։ Իսկ ահա գրկախառնումների ձեւը հուզական ընկալման վրա որեւէ կերպ չէր ազդել։





























