Գիտնականներն ուսումնասիրել են հետքերը, որոնք թողել են Հին Եգիպտոսի նկարիչները Դեյր Էլ Բահրիի Հաչեփսութ տաճարի որմնանկարներում, եւ պարզել, թե ինչպես է կազմակերպվել որմերի նկարազարդումը։ Համաձայն Antiquity պարբերականի հոդվածի՝ Հաչեփսութ տաճարը վարպետության ինքնատիպ դպրոց է եղել հին եգիպտացի նկարիչների համար։

Ինչպես պարզել է լեհ հետազոտող, Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի աշխատակից Անաստասիա Ստուպկո-Լյուբչինսկան, Հաչեփսութ տաճարի որմնանկարների եւ նկարազարդումների ստեղծման տեխնիկայում նկատվում են առանձնահատկություններ, որոնք բնորոշ են ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարպետներին։ Դա նշանակում է, որ տաճարի որմնանկարների ստեղծման գործընթացում տեղի է ունեցել վարպետության ուսուցում։

Հաչեփսութ տաճարի որմնանկարները համարվում են Հին Եգիպտոսի կերպարվեստի գլուխգործոցներ։ Այստեղ կան տեսարաններ, որոնք փառաբանում են Հաչեփսութի հզորությունը, տեսարաններ, որոնք նվիրված են փարավոնի կարգավիճակի լեգիտիմացմանը, ինչպես նաեւ շատ այլ տեսարաններ։ Գիտնականները վաղուց փորձում են պարզել, թե ինչպես են կազմակերպվել այդքան մասշտաբային նկարչական աշխատանքները, եւ նոր հետազոտության հեղինակին հաջողվել է շատ բան վերհանել այս գործում։

«Մենք կարողացանք հայտնաբերել առանձնահատկություններ, որոնցից հետեւում է, որ որմնանկարների վրա աշխատել է նկարիչների երկու խումբ։ Դրա մասին են վկայում նույն տեսակի առարկաների պատկերների տարբերությունները։ Որոշ տեղերում ակնհայտ երեւում է, որ վարպետների հետ միասին աշխատել են աշակերտներ, որոնք այդ կերպ փոխառել են վարպետությունը»,- ասում է Ստուպկո-Լյուբչինսկան։