Ամերիկյան նահանգների գլխավոր դատախազները պարզում են, թե արդյոք Instagram-ը խախտել է սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները՝ երիտասարդ օգտատերերի շրջանում հավելված տարածելով սոցիալական ցանցերի համար, գրում է The Hill-ը։
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ Ֆեյսբուքը, հիմա արդեն Meta անվան տակ, մի քանի շաբաթվա ընթացքում բախվել էր բացասական արձագանքի երեխաների եւ դեռահասների վրա ներգործության առնչությամբ այն փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնք ներառում էին երիտասարդ օգտատերերի վրա ընկերության պլատֆորմների բացասական ազդեցությունը վկայող ներքին հետազոտություններ։
«Նշանակություն չունի՝ անվանում եք Instagram, Facebook, թե Meta. սոցիալական ցանցերի այդ պլատֆորմները չափազանց վտանգավոր են եւ, ինչպես ապացուցվել է, պատճառում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վնաս երիտասարդներին»,- ասել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։
Նրա խոսքով՝ գլխավոր դատախազների կոալիցիան «առանց տատանվելու կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները» երեխաներին եւ դեռահասներին սոցիալական ցանցերի պլատֆորմների վնասակար ներգործությունից պաշտպանելու համար։
Ջանքերը երկկուսակցական են, մասնակցում են Մասաչուսեթսի, Կալիֆոռնիայի, Ֆլորիդայի, Քենտուկիի, Նեբրասկայի, Նյու Ջերսիի, Թենեսիի եւ Վերմոնտի գլխավոր դատախազները։
Meta-ի ներկայացուցիչն ասել է, որ«այդ մեղադրանքները կեղծ են եւ փաստերի խոր չընկալման հետեւանք»։
Ավելի վաղ ընկերությունը հերքել էր մեղադրանքները, թե իր արտադրանքը վնասակար է դեռահասների եւ երեխաների համար, կամ՝ որ ընկերությունը գիտակցաբար անտեսել է այդ վնասակարությունը մատնանշող հետազոտությունները։





























