Պետություններն իրենք են որոշում իրենց արձագանքը կորոնավիրուսի համաճարակին, սակայն մարդու իրավունքները պետք է հաշվի առնվեն։ Այս մասին ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շայիբը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երկրները պետք է ռիսկի վրա հիմնված մոտեցում ցուցաբերեն [վարակի] փոխանցումը դադարեցնելու համար»,-ասել է Շայիբը՝ հավելելով, որ այս աշխատանքը պետք է կատարվի «ազգային համաճարակաբանական իրավիճակի գնահատման հիման վրա»։ Նա բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք պատվաստումը, ԱՀԿ-ի տեսանկյունից, պետք է պարտադիր լինի։ «Ամեն ինչ իսկապես կախված է յուրաքանչյուր երկրում իրական համաճարակաբանական իրավիճակից, սակայն պետք է նկատի ունենալ, որ ընտրովի լոքդաունը որոշակի ազդեցություն կունենան մարդու իրավունքների վրա»,-հավելել է նա։

Այս առումով ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս «շարունակել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ ապահովելու պատվաստանյութերի հասանելիությունը բոլորի համար։

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ երկիրը, պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդ իրավիճակով, սկսում է նախապատրաստվել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների ներդրմանը։ Նրա խոսքով՝ նման միջոցառում պետք է իրականացվի 2022 թվականի փետրվարից։ Շալենբերգը նաեւ հայտնել է, որ նոյեմբերի 22-ից երկիրը կներկայացնի համազգային լոքդաուն երկրի բոլոր բնակիչների համար։