Կրիպտոարժույթը կարող է ապակայունացնել համաշխարհային արժութային շուկաներն ու պետությունները: Թվային ակտիվների այդ վտանգի մասին նախազգուշացրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Bloomberg New Economy ֆորումի ժամանակ, թվիթերյան էջում տեղեկացնում է New York Times-ի լրագրող բեն Սմիթը:
«Այն, ինչ ունի շատ հետաքրքիր եւ էքզոտիկ տեսք... կարող է ձախողել արտարժույթները, խափանել դոլարի՝ որպես պահուստային արժույթի դերը եւ ապակայունացնել երկրները,-հայտարարել է Քլինթոնը:- Ծագել է գործունեության ամբողջովին նոր մակարդակ, որը կարող է շատ քայքայիչ լինել, իսկ սխալ ձեռքերում կարող է ուղիղ վտանգ ներկայացնել բազմաթիվ ազգերի եւ, իհարկե, համաշխարհային արժութային շուկաների համար:
Կրիպտոարժույթը՝ որպես պոտենցիալ վտանգ է անվանել նաեւ Binance խոշորագույն կրիպտոբորսայի ղեկավար Չանփեն Չժաոն: Ընդ որում՝ նա նշել է, որ թվային ակտիվների վրա չպետք է հարձակվել: Չժաոյի կարծիքով՝ դա տեխնոլոգիական նորարարություն է, որը պետք է օգտագործել: Ինքը՝ կրիպտոբորսայի ղեկավարը, գրեթե ներդրում չի կատարում, սակայն ունի 2014 թվականին ձեռքբերված բիթքոյններ եւ Binance բորսայի թոքեններ:
Ավելի վաղ հոկտեմբերին դոլարի համար կրիպտոարժույթի սպառնալիքի մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն: Նա նաեւ նշել է, որ թվային ակտիվները կարող են բացասաբար ազդել պատժամիջոցների վրա: Սակայն արդեն նոյեմբերին Ադեյեմոն հայտարարել է, որ կրիպտոարժույթները չեն կարող ԱՄՆ-ի պատժամիջոցները պակաս արդյունավետ դարձնել: Ֆինանսների փոխնախարարը նաեւ համոզված է, որ կրիպտոարժույթների աճող հեղինակությունը դոլարի համար սպառնալիք չի հանդիսանում:
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) համակարծիք չէ Ադեյեմոյի հետ: Նոյեմբերին ՀԴԲ-ն հայտարարել է, որ հաքերական հարձակումները, որոնք կրում են սպառնալիք ազգային էկոնոմիկայի համար, մասնավոր երեւույթ են բիթքոյնի եւ մյուս կրիպտոարժույթների գնաճի պատճառով: Թվային ակտիվների արժեքի բարձրացումը, պետական մարմնի կարծիքով, ամրապնդել է կիբերհանցագործությունների կապերը:




























