Սինգապուրի իշխանությունները խստացնում են սահմանափակումները չպատվաստված բնակիչների համար՝ արգելելով նրանց հյուր գնալ եւ գրադարաններ այցելե։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է առողջապահության նախարար Հե Յե Կունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պատվաստումն առանցքային տարր է բնակչությանը բնականոն կյանքին վերադառնալու գործընթացում պաշտպանելու համար»,- ասել է նախարարը։ Այսպիսով, ըստ նրա, «նոյեմբերի 22-ից թույլատրվելու է հյուրեր ընդունել մինչեւ հինգ հոգանոց խմբով [այժմ` մինչեւ երկու]»։ Միաժամանակ գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «այլ տներ կարող են այցելել միայն պատվաստված բնակիչները»։ «Մարդիկ, ովքեր չեն պատվաստվել, պետք է հնարավորինս պաշտպանվեն իրենց եւ սահմանափակեն սոցիալական ակտիվությունը, հնարավորինս մնան տանը»,- հավելել է նա։

Նախարարը նաեւ հայտնել է, որ «նոյեմբերի 22-ից սրճարաններում, ռեստորաններում եւ սննդի այլ վայրերում մեկ սեղանի շուրջ կկարողանա հավաքվել մինչեւ հինգ [պատվաստված] մարդ»։

Ըստ Հե Յե Կունի՝ «դեկտեմբերի 1-ից իշխանություններն ընդլայնում են այսպես կոչված տարբերակված մոտեցման քաղաքականությունը պատվաստվածների նկատմամբ, որը կտարածվի նաեւ գրադարանների, հանրային կենտրոններում պարապմունքների վրա»։ Այդպես, չպատվաստված բնակիչները չեն կարողանա այցելել այդ վայրեր։ Ավելի վաղ նմանատիպ սահմանափակումներ էին սահմանվել առեւտրի կենտրոնների, սննդի օբյեկտների, մարզասրահների եւ մարզադահլիճների նկատմամբ։

Հանրապետությունում զանգվածային պատվաստումները սկսվել են տարեսկզբից, իսկ վերապատվաստումները սկսվել են սեպտեմբերից։ Այստեղ հունիսից մեկնարկել է 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստման ծրագիրը։ Այս պահին երկու դեղաչափ է ստացել սինգապուրցիների մոտավորապես 85 տոկոսը: