Գիտնականները հայտնաբերել են ավելի վաղ անհայտ բույսի տեսակ, որն Ավստրալիայի տեղաբնակները համարում են սուրբ տեսակ: Այդ մասին գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական հարթակը՝ հղում անելով Science Alert-ին:
Նոր տեսակը ստացել է Ficus desertorum կամ անապատային թուզ անվանումը: Ավելի վաղ այդ բույսերը սխալմամբ ընդունում էին որպես ֆիկուսների մեկ այլ տեսակ՝ Ficus brachypoda, որը լայնորեն տարածված է Ավստրալիայի հյուսիսային ու կենտրոնական շրջաններում:
Սակայն ուշադիր ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ խոսքը երկու տարբեր բույսերի մասին է, որոնք տարբերվում են նախ տերեւներով: Նոր տեսակն ունի ավելի հարթ եւ հաստ տերեւներ:
Աշխարհում կա թզի շուրջ 750 տեսակ, ընդ որում՝ դրանց երկու երրորդը հանդիպում է Ասիայում եւ Ավստրալիայում:





























