Թալիբներն արգելել են կանանց մասնակցությամբ հեռուստաշոուները։ Համապատասխան հրահանգը տրվել է նոյեմբերի լույս 22-ի գիշերը, հայտնում է GazetaRu-ն՝ India Today-ին հղումով։ Արգելվել են սերիալները եւ հաղորդումները, որոնք հակասում են իսլամի արժեքներին։
Բացի կանանց հետ հաղորդումներից, արգելվում են Մուհամեդ մարգարեին պատկերող հաղորդումները։ «Սրանք կանոններ չեն, այլ կրոնական սկզբունքներ»,-ասում է Աֆղանստանի առաքինության խթանման եւ արատների կանխարգելման նախարարության պաշտոնյա Հաքիֆ Մոհաջիրը:
Միեւնույն ժամանակ, հրահանգը չի արգելում կանանց զբաղվել լրագրությամբ, սակայն նրանք պետք է կադրում հայտնվեն հիջաբով։ Վերջին 20 տարիների ընթացքում Աֆղանստանում ստեղծվել են տասնյակ հեռուստաալիքներ, այդ թվում՝ ժամանցային։ Մասնավորապես, երկրում արտադրվում է American Idol վոկալ մրցույթի տեղական տարբերակը, երաժշտական տեսահոլովակներ, ցուցադրվում են թուրքական եւ հնդկական սերիալներ։ 1996 թվականից մինչեւ 2001 թվականը, երբ թալիբները իշխանության ղեկին էին, հեռուստատեսությունը, կինոն եւ այլ զվարճանքները Աֆղանստանում արգելված էին։





























