Խաղաղօվկիանոսյան Բրիտանական Կոլումբիա նահանգին հորդառատ անձրեւների եւս մի հզոր ցիկլոն է մոտենում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է շրջանի ղեկավարի տեղակալ Մայք Ֆերնուորթը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հարավային Բրիտանական Կոլումբիայում դեռ հորդառատ անձրեւներ կլինեն, այդ թվում՝ ուժեղ վնասված [ջրհեղեղներից] Ֆրեյզեր հովտում, ուստի մենք պետք է զգոն մնանք»,- պաշտոնյային մեջբերում է CTV-ին:

Վկայակոչելով օդերեւութաբանների տվյալները՝ Ֆերնուորթն ասել է, որ չորեքշաբթիից ուրբաթ տարածաշրջանում կարող են նորից տեղումներ գրանցվել` 100 մմ անձրեւի տեսքով, ինչն ամսական նորմայից մի փոքր պակաս կլինի։ Նրա խոսքով` Բրիտանական Կոլումբիայի կառավարությունն այդ կապակցությամբ հայտարարել է  իշխանության բոլոր մակարդակներում առավելագույն մոբիլիզացիայի մասին։

Անցած շաբաթ շրջանում մի քանի օրվա ընթացքում ամսականան նորմայից ավել (ավելի քան 250 մմ) տեղումներ էին գրանցվել անձրեւի տեսքով, ինչը լայնածավալ հեղեղումների էր հանգեցրել։ Որոշ վայրերում ջրամբարներում ջրի մակարդակը բարձրացել էր 3.5 մ-ով, ինչի պատճառով շրջանի մի քանի տասնյակ հազար բնակիչ ստիպված էր լքել իրենց տները. մահացել է առնվազն չորս մարդ։ Նահանգում արտակարգ ռեժիմ էր մտցվել:

Բրիտանական Կոլումբիայում բնական աղետի հետեւանքների վերացման համար Կանադայի զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել՝ ճանապարհների մաքրմանը, խաթարված տրանսպորտային նյութատեխնիկական ապահովմանն օգնելու եւ բնակչությանը հնարավոր ամբողջ աջակցությունը տրամադրելու համար: