Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած զբոսաշրջային ավտոբուսը երեքշաբթի վթարի է ենթարկվել եւ հրդեհվել Բուլղարիայի Ստրումա մայրուղու վրա, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդում է BGNES գործակալությունը դեպքի վայրից, դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 03:00-ին (Մոսկվայի ժամանակով 04:00-ին), դեպքի վայրում զոհվել է 45 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, ավտոբուսում եղել է 52 մարդ։
Ինչպես նշել է հրշեջ ծառայության ղեկավար Նիկոլայ Նիկոլովը, միջադեպը տեղի է ունեցել Ստրումա մայրուղու 31-րդ կիլոմետրի վրա, երբ վթարից հետո Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը, որում եղել է 52 մարդ, հրդեհվել է:
Դեպքի վայրում օպերատիվ քննչական գործողությունները շարունակվում են։
Շտապ օգնության հիվանդանոցի այրվածքների բուժման կլինիկայի պրոֆեսոր Մայա Արգիրովան հայտնել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալացվել են այրվածքներով ու վնասվածքներով։ «Տուժածներն ունեն ձեռքերի եւ դեմքի այրվածքներ, վերին շնչուղիների այրվածքներ։ Նրանցից ոմանք կվիրահատվեն։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»,- ասել է նա bTV հեռուստաալիքի եթերում։





























