Խաղաղ օվկիանոսի հատակից 3070 մ խորությունից հանված ժանիքի բեկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է կոլումբիական էգ մամոնտին կամ Mammuthus columbi-ին, որն անհետացել է ավելի քան 100 000 տարի առաջ եւ ինչ-որ կերպ հայտնվել է Կալիֆոռնիայից 300 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնում է Կալիֆոռնիայի Սանտա Կրուսի համալսարանի կայքը, որի աշխատակիցները հետազոտությանը մասնակցել են Միչիգանի համալսարանի Պալեոնթոլոգիայի թանգարանի մասնագետների հետ, հայտնում է «ГазетаРу»-ն։
Մամոնտի ժանիքը հայտնաբերվել է Doc Ricketts հեռակառավարվող մեքենայի (ROV) սուզման ժամանակ, որը պատկանում է Մոնթերեյի ծոցի կալիֆոռնիական Օկեանարիումի մասնավոր հետազոտական ինստիտուտին, որի օպերատորները 2019 թվականին զբաղվել են ստորջրյա լեռան ուսումնասիրությամբ: Այն ժամանակ գիտնականներին հաջողվել էր միայն մի փոքրիկ կտոր պոկել երկաթ-մանգանային հաստ կեղեւովով պատված նմուշից, իսկ 2021 թվականի հուլիսին նրանք վերադարձել են, որպեսզի տանեն ամբողջ ժանիքը։
Մասնագետները հաստատել են, որ մեկ մետր երկարությամբ ժանիքը պատկանում է կոլումբիական մամոնտին, իսկ ցուրտ ծովային միջավայրն ու բարձր ճնշումը կարողացել են յուրօրինակ կերպով պահպանել ժանիքը, ինչը բավականին հազվադեպ է տեղի ունենում։ Հետազոտողները կարծում են, որ գործ ունեն Հյուսիսային Ամերիկայի այս տարածաշրջանում հայտնաբերված ամենահին լավ պահպանված մամոնտի ժանիքի հետ: Ժանիքի թվագրումը կատարվում է Կալիֆոռնիայի Սանտա Կրուսի համալսարանի Երկրաչափական լաբորատորիայի կողմից, եւ ակնկալվում է նաեւ, որ այն կուսումնասիրի գտածոն՝ օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիան եւ հնագույն ԴՆԹ-ի հաջորդականությունը, ինչը կարող է արժեքավոր տեղեկություններ տալ այն մասին, թե ինչպես են մամոնտները գաղութացրել Հյուսիսային Ամերիկան:
Նախկինում արդեն հայտնաբերվել են մամոնտների մնացորդներ, որոնք ընկել են ծովի ջուրը, սակայն, որպես կանոն, դրանք հանվել են մի քանի տասնյակ մետրից չգերազանցող խորություններից, օրինակ՝ արեւմտյան Եվրոպայում Հյուսիսային ծովի ծանծաղ ջրերից։ Մամոնտներն առաջին անգամ Եվրասիայից Ամերիկա են եկել 1,5 միլիոն տարի առաջ՝ ցամաքային կամրջով, որն այն ժամանակ գոյություն է ունեցել Բերինգի նեղուցի տեղում: Հարյուր հազարավոր տարիներ անց մամոնտի մեկ այլ տեսակ՝ բրդոտ մամոնտը, նույնպես հատել է Բերինգի նեղուցը եւ միացել Հյուսիսային Ամերիկայում իր «զարմիկներին»։





























