Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է Ֆրանցիսկա Սուսանոն՝ աշխարհի ամենատարեց մարդը։ Երկարակյաց կինը մահացել է երկուշաբթի երեկոյան, այս մասին Facebook-ի էջում հայտնել է Կաբանկալան քաղաքի կառավարությունը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ցավալի տեղեկություն ստացանք, մեր սիրելի Ֆրանցիսկա Սուսանոն մահացել է։ Նա միշտ կմնա մեր հպարտությունն ու ոգեշնչման աղբյուրը»,- նշվում է հրապարակման մեջ։
Մահվան պատճառը չի նշվում։ Առողջապահության տեղի վարչությունից հայտնել են, որ թոշակառուի մոտ վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել։
Քաղաքային իշխանություններն ընդգծել են, որ մահացածի կարգավիճակը՝ որպես աշխարհի ամենատարեց մարդու, պաշտոնապես հաստատված է Գինեսի ռեկորդների գրքում։ Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։





























