Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ուժեղացնել պայքարը հանցավոր խմբավորումների դեմ, որոնք անօրինական ճանապարհով միգրանտներ են տեղափոխում Միացյալ Թագավորություն։ Այդ մասին բրիտանական կաբինետի ղեկավարն ասել է չորեքշաբթի օրը Sky News-ին տված հարցազրույցում` այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներով նավակի խորտակման հետեւանքով ավելի քան 30 մարդ զոհվեց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է մղենք այդ պայքարը մեր ֆրանսիացի ընկերների եւ եվրոպացի գործընկերների հետ միասին։ Ես հայտարարում եմ [Մա Մանշ] մյուս կողմում գտնվող մեր գործընկերներին, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք բոլորս առաջ գնանք, համագործակցենք եւ անենք ամեն ինչ՝ ջախջախելու այն խմբակցություններին, ում այժմ հաջողվում է բառացիորեն խուսափել պատասխանատվությունից սպանությունների համար»,- ասել է Ջոնսոնը` հավելելով, որ ավելի վաղ բրիտանական կողմին դժվար էր համոզել «որոշ գործընկերների, հատկապես` ֆրանսիացիներին, գործելու այնպես, ինչպես պահանջում է իրավիճակը»։
Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ «ցնցված ու վրդովված է» տեղի ունեցածից։ Ջոնսոնի խոսքով՝ ողբերգությունը հստակ ցույց տվեց, թե որքան վտանգավոր կարող է լինել Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա ծովային ճանապարհը, ինչպես նաեւ` որ Ֆրանսիայի իշխանությունների կողմից Լա Մանշով անօրինական միգրացիայի դեմ պայքարի օպերացիան ցանկալի արդյունք չի տալիս։
«Վախենամ, որ կատարվածը ցույց է տալիս, որ այն օպերացիաները, որոնք իրականացնում են մեր ընկերները, պարեկելով իրենց առափնյա գիծը Միացյալ Թագավորության տեխնիկական եւ ֆինանսական աջակցությամբ՝ 54 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով, բավարար չեն։ Մենք առաջարկում ենք ընդլայնել մեր աջակցությունը եւ մեր գործընկերների հետ միասին վերահսկել իրավիճակը այն լողափերում, որտեղից այդ նավակները [Միացյալ Թագավորություն ձգտող անօրինական միգրանտներով] ծով են դուրս գալիս»,- ասել է նա։





























