Ավստրալիայի հարավում չորացած գետի հունում հինգ չվերադարձող բումերանգներ են հայտնաբերվել։ Դրանք հարյուրավոր տարիներ առաջ հավանաբար օգտագործվել են աբորիգենների կողմից՝ ջրային թռչուններ որսալու համար: Այս մասին Live Science-ին հղումով գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը։
Բումերանգներից ամենամեծը երկարությամբ կարող էր հասնել գրեթե մեկ մետրի (գտնվել է դրա միայն մի հատվածը)։ Սա նշանակում է, որ այն չափազանց ծանր է եղել որսի համար: Թերեւս նման զինատեսակներն օգտագործվել են այլ նպատակների համար։ Օրինակ՝ փորելու, կրակ վառելու, ձեռնամարտի եւ նույնիսկ ծիսական արարողությունների համար։
Ռադիոածխածնային թվագրումը թույլ է տվել պարզել, որ փայտե բումերանգները պատրաստվել են 1650-1830 թվականներին, այսինքն՝ նախքան առաջին եվրոպացիների կողմից տարածքն ուսումնասիրելը:
«Կարծում եմ, թե դա պարզապես կարծրատիպ է, որ բումերանգը վերադառնում է, եւ որ այն փոքր է եւ սիմետրիկ: Իրականում սրանք տարատեսակ իրեր են։ Դրանցից շատերն ունեն որոշ աերոդինամիկ հատկություններ, բայց շատերը չեն վերադառնում նետվելուց հետո»,- ասում է Ադելաիդայում (Ավստրալիա) Ֆլինդերսի համալսարանի հնագետ եւ մարդաբան Էմի Ռոբերթսը:
Ազգաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ աբորիգեն տղամարդիկ տարբեր նպատակների համար օգտագործել են բումերանգների տարբեր տեսակներ, այդ թվում՝ պարերի եւ արարողությունների ժամանակ։





























